Գլխավոր Լուրեր Երևանի քաղաքապետը Սոնա Աղեկյանից 2 մլն դրամի փոխհատուցում է պահանջում

Երևանի քաղաքապետը Սոնա Աղեկյանից 2 մլն դրամի փոխհատուցում է պահանջում

18
0

Երեկ Դատալեքս համակարգից հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ:

Մարությանը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:

Ի՞նչ չափի փոխհատուցման մասին է խոսքը, Araratnews.am-ի հարցին պատասխանեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը․ «Բացի հերքման պահանջից, այո՛, դրամական փոխհատուցում է նախատեսվում շուրջ 2 մլն դրամի չափով։ Քաղաքապետը մտադիր է այդ գումարը հանրային նշանակության ծախսերին ուղղել։ Կարծում ենք դա պատասխանող կողմի համար համայնքին ինչ-որ օգուտ տալու շատ լավ հնարավորություն կլինի»։

Հարցին, արդյոք քաղաքապետն անձամբ ներկա է լինելու նիստերին, խոսնակը նշեց, որ դատաքննական մանրամասների մասին տեղյակ չէ, մասնավորապես քաղաքապետի ներկայության մասին, բայց իհարկե, քաղաքապետի ներկայացուցիչները կլինեն և կներկայացնեն Մարությանի շահերը։

Նշենք, որ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով Հայկ Մարությանին՝ ասել էր. «Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, կներեք, որ ձեզ դիմեցի, դուք անզոր եք և անմեղսունակ: Պարոն վարչապետ, դուք մեզ պարտադրեցիք մի քաղաքապետ, որը ասում էր, որ կանաչապատելու է, ուզում եմ հասկանամ` որտեղ եք կանաչապատել»: