Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երևանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»

    Երևանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»

    Երևանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»
    Հունիս 12, 2019 15:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ամռանը հայաստանյան մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ. հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Հայաստանում սիրված ու նաև երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած այս բացառիկ կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

    Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել են կինոփառատոնի՝ այս տարվա պաշտոնական պաստառը, ինչպես նաև անդրադարձել են սպասվող միջոցառումներին:

    «Այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» և անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաև գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, և այսուհետև մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արվեստի՝ մասնավորապես՝ կինոյի և «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է, ինչի համար մենք շատ ուրախ ենք և շատ շնորհակալ մեր փառատոնի լավագույն բարեկամին»,- իր խոսքում ընդգծել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

    «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարևորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի, ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարևոր խթան լինելու հետ մեկտեղ, կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առանձնահատուկ շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ն այն նախագծերից է, որը բարձրացնում է երկրի վարկանիշը աշխարհում: «Մեզ համար փառատոնն ունի ռազմավարական նշանակություն, որովհետև այս ձևաչափի փառատոնները մասնագիտական լավ խողովակներ են՝ երկիրը և նրա մշակութային ժառանգությունը ներկայացնելու աշխարհին»,- նշել է Արա Խզմալյանը:

    Ասուլիսի ընթացքում բանախոսները տեղեկացրել են, որ այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:

    Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

    «Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

     


    Նման թեմաներ

    scroll to top