Շաբաթ , 18 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    30°
    Home » Լուրեր » Երիտասարդ ըմբշամարտիկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

    Երիտասարդ ըմբշամարտիկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

    Երիտասարդ ըմբշամարտիկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
    Փետրվար 5, 2018 22:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ. Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20-ամյա երիտասարդը եւ հայտարարվել հետախուզում։

    2018թ. հունվարի 20-ին՝ ժամը 18։45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է ընդունվել Երեւանի մի բնակիչ՝ ծնված 1990թ.։

    Նույն օրը   ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

    Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Ռոստովյան փողոցի վրա գործող ավտոլվացման կետերից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, պարզվել միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

    Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ավտոլվացման կետի տարածքում հանդիպել են 1993 եւ 1995 թթ. ծնված երկու երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ պարզաբանումների համար, որին մասնակցել են նաեւ նրանց ծանոթները։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկին՝ 27-ամյա երիտասարդին։

    Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւանի բնակիչ՝ ծնված 1998թ., ըմբշամարտիկ։

    Օրենքով սահմանված կարգով վերջինիս լուսանկարը ճանաչման է ներկայացվել տուժողին, ով մատնացույց է արել 20-ամյա երիտասարդի լուսանկարը եւ հայտարարել, որ նա է հարվածել իրեն։

    Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  որոշում է կայացվել 1998 թ. ծնված երիտասարդին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով,  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։

    ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

    Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության մասնակից բոլոր անձանց գործողություններն անհատականացնելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top