Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Երկխոսություն, ազնվություն, օրինականություն. ներդրող-ՀՀ կառավարություն հարաբերություններ

    Երկխոսություն, ազնվություն, օրինականություն. ներդրող-ՀՀ կառավարություն հարաբերություններ

    Երկխոսություն, ազնվություն, օրինականություն. ներդրող-ՀՀ կառավարություն հարաբերություններ
    Սեպտեմբեր 14, 2018 13:02 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:

    Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի:

    «Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է:

    «Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն:

    Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

    Նման թեմաներ

    scroll to top