Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ես Նիկոլ Փաշինյանին արևի հետ չէի համեմատի

    Ես Նիկոլ Փաշինյանին արևի հետ չէի համեմատի

    Ես Նիկոլ Փաշինյանին արևի հետ չէի համեմատի
    Սեպտեմբեր 19, 2018 16:01 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ինչպես արդեն հայտնել  էինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտին»-ին, որտեղ նա խոսել է Վլադիմիր Պուտինի հետ ընկերության ու Հայաստանում իշխանության համար մղվող պայքարի մասին։

    Այն բանից հետո, երբ Հայաստանում քրեական գործ հարուցեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, նա որոշեց վերադառնալ քաղաքականություն ու դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը։ Այս հակամարտության մեջ լրացուցիչ ինտրիգ է մտցնում այն, որ Քոչարյանը համարվում է Վլ. Պուտինի մտերիմ ընկերը։ «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված իր հարցազրույցում նախկին նախագահը պատմել է այն մասին, թե երբ է ընկերացել Ռուսաստանի առաջնորդի հետ, ու որքան ամուր է իրենց ընկերությունը, ինչու է վստահ իր հաջողության մեջ, ու ումն է համարում Ղրիմը։

    «Դեռևս ընթանում է խնդիրների գեներացման գործընթաց բոլոր ուղղություններով»

    – Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն։ Դա ի՞նչ է նշանակում։ Գաղտնազերծեք խնդրեմ։

    – Դա նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքականություն։

    – Ի՞նչ նկրտումներ ունեք։ Դուք ուզում եք նախկին ղեկավարից դառնալ գործո՞ղ։

    – Նախ՝ ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել։ Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում։ 10 տարի ես բավականին պասիվ եմ եղել։ Իմ տեսակետն արտահայտել եմ սկզբունքային հարցերի կապակցությամբ, որոնց հետ համաձայն չեմ եղել, բայց այլ ակտիվություն չեմ ցուցաբերել։ Այժմ ես շատ ավելի ակտիվորեն կարտահայտվեմ։

    – Արդեն արտահայտվում եք։

    – Արդեն արտահայտվում եմ։ Ես կներքաշվեմ քաղաքական գործընթացների մեջ։ Ի՞նչ ձևաչափերով։ Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել ինչ-որ կուսակցությանը ակտիվ աջակցության տեսքով, անձնավորված կամ չանձնավորված։

    – Հայաստանում վերջին ժամանակներս իրադարձություններն արագ են զարգանում, ու իրավիճակն արագ է փոխվում։ Շատ քչերը ճշգրիտ պատկերացում ունեն այն մասին, թե երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրանք կարող են տեղի ունենալ մինչև տարեվերջ, իսկ միգուցե և՝ հաջորդ տարում։ Դա նշանակում է, որ ավելի լավ կլինի, որ Դուք քաղաքականության մեջ Ձեր մասնակցության ֆորմատը որոշակիացնեք. Աջակցում եք արդյոք Հանրապետական կուսակցությա՞նը, թե՞ Դուք Ձեր կուսակցությունը կունենաք։ Դուք ինչի՞ն եք հակված։

    Կարելի է ասել, որ դեռ չեմ կողմնորոշվել, այդ թվում՝ նաև այն պատճառով, թե ինչ է տեղի ունենում։

    – Իսկ ի՞նչ է տեղի ունենում։

    Չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում։

    Լավ։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում։ Ահա մայիսյան իրադարձությունները, Ձեր կարծիքով՝ ի՞նչ էին։

    – Դա իշխանափոխություն էր։ Կարծում եմ, Փաշինյանը զգաց ընդդիմադիր տրամադրությունները ու ժամանակին գլխավորեց դրանք, ինչը վերածվեց իշխանափոխության։ Դա տպավորիչ էր։

    – Ես մայիսին եղել եմ Հայաստանում ու հասարակության մեջ մեծ վերելք եմ տեսել։ Մի՞թե մարդկանց այդքան զզվեցրել էր նախորդ իշխանությունը։

    – Կարծում եմ, նախորդ իշխանություններից հոգնածություն կար, լճացման զգացողություն։ Այլապես դժվար թե այդպիսի զանգվածային շարժում սկսվեր։ Բայց գիտե՞ք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմի վրա. այդպիսի օրինակներ ժամանակակից պատմության մեջ շատ կան։ Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալ ու շատ ավելի բարդ է հեռանալ նրանից։ Դու գալիս ես պոպուլիզմի վրա, իսկ պետք է հեռանաս արժանապատվորեն ու իրական արդյունքներով։ 4 ամիսները ցույց տվեցին, որ դեռևս գնում է խնդիրների գեներացման գործընթաց գործնականորեն բոլոր ուղղություններով։ Եվ սա քաղաքականություն վերադառնալու իմ պատճառներից մեկն է։

    – 4 ամիսը բավակա՞ն է, որ գնահատես իշխանության հաջողակ կամ անհաջողակ, կոմպետենտ կամ ոչ կոմպետենտ լինելը։

    – Դա բավականին ժամանակահատված է՝ հասկանալու համար, թե որքան է իշխանությունը կոմպետենտ, ի՞նչ արժեքների վրա է հենվում, ու ունա՞կ է նա արդյոք համակարգային աշխատանքի։ Լրիվ բավական է։

    – Ի՞նչ եք Դուք այս 4 ամիսների ընթացքում հասկացել իշխանության մասին։

    – Որ այն քաոտիկ է, տնտեսությունից գլուխ չի հանում, չունի հստակ ծրագրային գործողություններ։ Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ։ Իշխանությունը նախ կարող է շատ կոպիտ սխալներ թույլ տալ, ապա փորձել հերոսաբար դրանք լուծել։ Սա այսօրվա իշխանության ակնհայտ պատկերն է։ Անհասկանալի է, թե դա ինչ թիմ է։ Կա բավականին վառ առաջնորդ, բայց նրա պոպուլիզմի անհագ մղումը լուրջ անհանգստություն է հարուցում։ Դա ինձ հիշեցնում է Ուգո Չավեսի ոճի (1999-2013թթ. Վենեսուելայի նախագահ) լատինաամերիկյան պոպուլիզմը։ Եթե ուշադիր նայես ու զուգահեռներ անցկացնես, դա շատ նման է։

    Ռուսաստանի մեծ բարեկամ Չավեսը դարձավ, ավելի ճիշտ՝ եղել է։

    – Շատ հնարավոր է։ Բայց այն, ինչ այժմ տեղի է ունենում Վենեսուելայում, Չավեսի ժառանգությունն է՝ այսրոպեական էֆեկտ ստանալուն միտված պոպուլիստական գործողությունների անկանխատեսելիությունը, ամբոխին այս պահին, միանգամից դուր գալու ձգտումը, կառավարման օխլոկրատիկ մոդելին ապավինելը, համարելը, որ երկնակամարում միայն մեկ արև կարող է լինել, և դա առաջին դեմքն է։ Երկրորդ, հինգերորդ, տասներորդ, քսաներորդ համարներ չկան։ Ինչ-որ շատ հեռվում կարող է լինել հարյուրերորդը։ Այսպիսի մոդելը չի կարող կենսունակ լինել ու տալ զարգացման նորմալ արդյունք։ 4 ամսվա ընթացքում, կարծում եմ, կարելի է այսպիսի եզրակացություններ անել։

    – Պատկերը, որը դուք նկարագրում եք, բնորոշ է հետխորհրդային տարածքի համար։ Կարելի է խորհրդային նախկին հանրապետությունների շատ օրինակներ բերել, ուր միայն մեկ արև կա։ Մնացած բոլորը հաշիվ չեն, և նրանց համար ստեղծվում են քաղաքականության մեջ գոյատևելու անտանելի պայմաններ։

    – Այդպիսի զուգահեռներ հնարավոր է անցկկացնել։ Բայց մի բան է, եթե այդ արևն ունի կառավարման փորձ, հմտություններ, գիտելիքներ, հասկանում է տնտեսությունը, կողմնորոշված է դեպի երկրի երկարաժամկետ շահերը, այլ ոչ թե ինչ-որ միտինգների կամ հավաքների ժամանակ կարճաժամկետ էֆեկտ ապահովելուն։ Այդ դեպքում երկիրն իրապես կարող է շարժվել դեպի առաջընթաց՝ անգամ կառավարման այդ մոդելի բոլոր խնդիրները հաշվի առնելով։ Եվ կարող է աղետ լինել, եթե այդ արևն անկանխատեսելի, անհասկանալի ու հիստերիկ է ու հեռանկարներ չի տեսնում։

    – Նիկոլ Փաշինյանն այդպիսի՞ արև է։

    – Ես նրան արևի հետ չէի համեմատի։ Ձեր բերած համեմատությունը կապված է այն բանի հետ, որ մարդիկ բավականին երկար ժամանակ են կառավարել, որը՝ հաջող, որը՝ ծայրահեղ անհաջող կերպով։ Բայց սա այդ դեպքը չէ. ընդամենը 4 ամիս է անցել։ Փաշինյանը կարող է լինել երկնաքար կամ գիսաստղ լինել, որը շատ արագ է այրվում։

     

    Հարցազրույցն  ամբողջությամբ՝  սկզբնաղբյուր կայքում

    Աղբյուրը՝ 168.am


    scroll to top