Գլխավոր Լուրեր Ետ բերել թալանը՝ առանց դատավճռի. կողմ ու դեմ կարծիքներ

Ետ բերել թալանը՝ առանց դատավճռի. կողմ ու դեմ կարծիքներ

1
0

2019 թվականի մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման քննարկումները կազմակերպելու համար:

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար իրավաբան Արփինե Հովհաննիսյանը սա համարել է ռումբ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար: Ավելին՝ նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ՝ թալանը ետ բերելու համար պետք են գործուն մեխանիզմներ:

Կենտրոնական բանկը Արփինե Հովհաննիսյանի գրառումը  էմոցիոնալ է համարել, ապա հորդորել փաստերով խոսել:

Araratnews.am-ը  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հերիքնազ Տիգրանյանից հետաքրքրվեց՝ համակարծի՞ք է Արփինե Հովհաննիսյանի գրառմանը: Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ ծանոթ չէ նրա գրառմանը, սակայն ովքեր քննադատում են «առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը, թող հիշեն անցումային արդարադատություն անցած երկրների փորձը:  «Բացի քրեական արդարադատությունից, կան նաև քաղաքացիաիրավական մեխանիզմներ, որոնց մասին խոսել է վարչապետը: Քաղաքացիաիրավական մեխանիզմների դեպքում չկա դատավճիռ»,- մանրամասնեց օրենսդիր մարմնի անդամը:

Հերիքնազ Տիգրանյանը հավաստիացրեց՝ անօրինական ճանապարհով ունեզրկման մասին խոսք անգամ չկա: «Շատ իրավաբաններ են խոսում, որ սա աննախադեպ է Հայաստանի համար, սակայն լավ գիտեն, որ կա այդ մեխանիզմը, պարզապես չիմացողներին մոլորության մեջ են գցում»,- նշեց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ ծանոթ չէ այդ հայեցակարգին, քանի որ իրենց խմբակցությունում քննարկում չի եղել: «Սակայն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին իմ կարծիքը դրական չէ: Առանց դատարանի վճռի անձի գույքի բռնագրավումը անմեղության կանխավարկածի խախտում է»,- պնդեց օրենսդիր մարմնի անդամը:

Ինչքանո՞վ սա կապ ունի անցումային արդարադատության հետ. Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝  անցումային արդարադատության  ոչ մի «քարոզիչ» չի մեկնաբանել՝ դա ինչ է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից ոչ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ նրանց կարծիքը լսելու:

Սոնա Դավթյան