Գլխավոր Լուրեր Եթե ասում է՝ ուրեմն մի բան գիտի. Վիլեն Գաբրիելյան

Եթե ասում է՝ ուրեմն մի բան գիտի. Վիլեն Գաբրիելյան

29
0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ մանրամասներ ներկայացրեց Աբովյանի քաղաքապետի ընտրության, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մասին: Նա մեղադրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին՝ Աբովյանում ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի պարտության համար:

Կոտայքի մարզպետն արձագանքեց՝ ասելով, «ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ»:

Araratnews.am-ը «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանից՝ Նավակ Ճոճողից, հետաքրքրվեց՝ համամի՞տ է Սասուն Միքայելյանի հայտարարությանը: «Գիտեք՝ չեմ ցանկանում մեկնաբանել նրա հայտարարությունը»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը:

— Մտավախություն չունե՞ք,  որ Սասուն Միքայելյանի՝ «եթե դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում» կանխատեսումն իրականություն կդառնա: 

— Ես Սասուն Միքայելյանին մեծագույն հարգանքով եմ վերաբերվում: Եթե մի բան ասում է՝  ուրեմն մի բան գիտի: Ես ոչ մի ձեւի չեմ ուզում մեկնաբանեմ ո՛չ Սասուն Միքայելյանի, ո՛չ Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները: Հակասություն կա, պիտի խոսացվի, լուծվի:

— Իսկ համաձա՞յն եք Սասուն Միքայելյանի  հայտարարություններին:

— Ո՞ր հայտարարություններին:

— Օրինակ՝ խմորումների, ինտրիգների  մասին խոսեց: Բացի Սասուն Միքայելյանից, լուրեր կան, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեւեր կան: 

— Չեմ կարծում՝ նման բան կա, բայց չեմ բացառում ոչինչ:

— Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ Աբովյանի քաղաքապետը լավ է աշխատել: Համամի՞տ եք:

— Ես չեմ ճանաչում քաղաքապետին, բայց եթե անկուսակցական է եղել, գուցե լավ է աշխատել: Սակայն հրապարակումներ են եղել, որ կարծես թե այնքան էլ լավ չի աշխատել:  Ինչ-որ մի տեղ վատ է աշխատել:

— Համաձա՞յն եք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով ձեր կուսակցությունն Աբովյանում պարտվեց, ինչպես հայտարարեց Սասուն Միքայելյանը:

— Չեմ կարծում: Մեզանից յուրաքանչյուրը, կարծում եմ, իր բաժին մեղավորությունն ունի:

— Կհիշեք՝ Աբովյանում ընտրություններից առաջ ՔՊ շտաբի պետի մեքենան էին այրել: Միքայելյանը հետաքրքիր ակնարկ արեց՝  պետք է պարզել՝ այդ մեքենան այրեցի՞ն, թե՞ այրեց: Կարծես թե ակնարկում էր՝ այրելու հրահանգը եղել է ՔՊ-ից:

— Իրավապահ մարմինները պետք է այդ գործը  բացահայտեն:

— Բայց  ձեր թիմը նման հրահանգ կարո՞ղ էր տալ:

— Ո՛չ, ըստ իս:  Ես նման բան բացառում եմ:

Սոնա Դավթյան