Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » editorial » Եթե չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել. Սերժ Սարգսյանը՝ իրեն տրված առանձնատան մասին

    Եթե չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել. Սերժ Սարգսյանը՝ իրեն տրված առանձնատան մասին

    Եթե չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել. Սերժ Սարգսյանը՝ իրեն տրված առանձնատան մասին
    Ապրիլ 17, 2018 13:41 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ  Զեյնալյանն այսօր վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին մի քանի հարց ուղղեց Ազգային ժողովում:

    Հիշեցնենք՝ ԱԺ-ն ընտրում է վարչապետի թեկնածու, որը Սերժ Սարգսյանն է:

    Զեյնալյանն ասաց, թե հասարակական անանուն հարցումները ցույց են տալիս, որ 2017-ի խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորվել է ընտրակաշառքով: «Ձեր գնահատականը դրա մասին ինչպիսի՞ն է: Ինչպե՞ս հավատան ընտրության արդյունքներին հանրությունը, այն քաղաքացիները, որոնք այսօր ընդվզում են փողոցում»,- ասաց պատգամավորը:

    Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր քաղաքական հայացքներով պայմանավորված  հետապնդումներին եւ դրանց համար  օրենքով չնախատեսված պատժին: Եղե՞լ են այդպիսի դեպքեր Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, որպես նախկին նախագահ՝ ազդե՞լ է  այդպիսի գործերի վրա:

    Օրենսդիր մարմնի անդամի մյուս հարցը վերաբերում էր ՄԻԵԴ-ում  Հայաստանի պարտությանը:

    Արտակ Զեյնալյանի հաջորդ հարցը վերաբերում էր կառավարության ամառանոցից Սերժ Սարգսյանին առանձնատուն հատկացնելուն: Արդյոք այդ որոշումը Սերժ Սարգսյա՞նն է ստորագրել:

    Սերժ Սարգսյանը չպատասխանեց   այս պահին փողոցում ընդվզում անող քաղաքացիներին, որոնք Փաշինյանի գլխավորությամբ պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

    Ինչ վերաբերում է ընտրությունները կաշառքով գնելուն, Սերժ Սարգսյանն ասաց, որ համաձայն չէ դրան, քանի որ ընտրությունների օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են. «Եթե համատարած կաշառք բաժանվեր, ժամանակակից պայմաններում, երբ շատ ներողություն, ամեն գործիք նկարում է, քաղաքացիական հասարակությունը համացանցը հեղեղած կլիներ ընտրակաշառքի բաժանման դեպքերով: Բարեգործության անվան տակ գուցե եղած լինեն այնպիսի դեպքեր, բայց դրանք այն դեպքերը չեն, որ ազդեն ընտրությունների վրա»:

    Սերժ Սարգսյանը հերքեց քաղաքական հայացքների համար քրեական հետապնդման համար ձերբակալվածների մասին տեղեկությունը: Սարգսյանի խոսքով՝  նույնիսկ մեղմ վերաբերմունքի են ենթարկվել դատարանների կողմից այդ մարդիկ:

    ՄԻԵԴ-ի մասին խոսելիս  ՀՀԿ ղեկավարն ասաց, որ Հայաստանը որեւէ չկատարված պարտավորություն չունի: «Նախնական կալանքի դեպքում ենք մի քիչ շեղվել  եվրոպական չափանիշներից»,- ասաց վարչապետի թեկնածուն:

    Անդրադառնալով իրեն ամառանոց տալու մասին կառավարության որոշմանը՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ որոշումն այս շենքում՝ Ազգային ժողովում  է ընդունվել: «Օրենքից օգտվել են նախորդ երկու նախագահները, ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով ինձ դա չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել: Եթե հասնում է, ապա պետք է շնորհավորեք: Ես էլ ունեցա սեփական տուն Երեւանում»,- հայտարարեց ՀՀԿ ղեկավարը:

    Արտակ Զեյնալյանի արձագանքին, թե այդ սեփականությունը կառավարության  անդամներին հատկացվող ամառանոցից է, Սերժ Սարգսյանն ասաց, որ իր համար տարբերություն չկա, թե այդ սեփականությունը որտեղից է: Եթե տարբերություն լիներ, ինքը կասեր այդ մասին:

    Նման թեմաներ

    scroll to top