Գլխավոր Իրավական Եթե իրականություն է, ապա. ՄԻՊ-ը զինգրքույկում սեռական կողմնորոշումը նշելու մասին

Եթե իրականություն է, ապա. ՄԻՊ-ը զինգրքույկում սեռական կողմնորոշումը նշելու մասին

2
0

Օրեր առաջ լրատվամիջոցների մեկն անդրադարձել էր սեռական կողմնորոշման  պատճառով բանակից ազատված 18-ամյա Արտակ Առաքելյանի խնդրին: Արտակն ասել էր, որ զինգրքույկում գրել են իր սեռական կողմնորոշումը, ինչի պատճառով ինքը չի կարողանում աշխատանք գտնել:

Araratnews.am-ը երեկվանից փորձում է խնդրի մասին զրուցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի հետ, սակայն ՄԻՊ-ը  խուսափեց բանավոր  հաղորդակցությունից եւ նախընտրեց գրավոր պարզաբանում  տալ: «Եթե Արտակ Առաքելյանի պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա անհրաժեշտ ենք համարում նշել, որ զինգրքույկում չպետք է արվեն նշումներ մարդու անձնական կյանքի, այդ թվում՝ սեռական կողմնորոշման վերաբերյալ: Ինչ վերաբերում է բռնության ենթարկվելու վերաբերյալ Արտակ Առաքելյանի հայտարարություններին, ապա դրանք ենթակա են ստուգման քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վարույթի շրջանակում»,-  ասվում է ՄԻՊ-ի պարզաբանման մեջ:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց  մեկնաբանություն տալ  Արտակ Առաքելյանի խնդրին:

Հ.Գ. ՄԻՊ-ի պատասխանից, սակայն, պարզ չէ՝ արդյոք մամուլի հրապարակումը կառույցը հիմք  է  ընդունել եւ ընթացք տվել դրան: Տպավորություն է, որ ՄԻՊ-ը խուսափում է խորությամբ ուսումնասիրել խնդիրը:

Սոնա Դավթյան