Գլխավոր Լուրեր Եթե որևէ կաշկանդվածություն ունենայի, կշարունակեի 10 տարի շարունակ եղած ձեռագիրը

Եթե որևէ կաշկանդվածություն ունենայի, կշարունակեի 10 տարի շարունակ եղած ձեռագիրը

13
0

Ոստիկանությունը գործում է թափանցիկ, և անհիմն եմ համարում նմանատիպ խոսակցությունները։ Այս մասին Կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ արձագանքելով ՊՎԾ-ի կողմից ոստիկանությունում հնարավոր չարաշահումների բացահայտմանը վերաբերող հարցին։

«Այդ ելույթը, որ ՊՎԾ պետի պաշտոնակատարը ներկայացրել է, ավելի շատ պոպուլիստական բնույթ է կրում։ Կարևոր հանգամանք եմ ձեզ ուզում ներկայացնեմ, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերահսկող օբյեկտին՝ ի դեմս ոստիկանության, պարտավոր էին տեղեկանք ներկայացնել ավարտից հետո։ Ես կոռեկտ չեմ համարում նման արտահայտությունն այս փուլում։ Փորձում են ենթադրյալ մեղադրանքներ առաջադրել ինչ-որ անձանց։ ՊՎԾ-ն օրենքի համաձայն նախ պետք է ՀՀ վարչապետին ներկայացներ այն, ինչ որ ինքը հայտնաբերել էր,  և ՀՀ վարչապետը կորոշեր՝ կա՞ այնտեղ խախտում, թե՞ չէ։ Ինքը շտապեց»,- ասաց Օսիպյանը։

Հարցին՝ ո՞րն էր շտապողականության պատճառը՝ միգուցե դելետանտությունը․ «Ոստիկանությունը գործում է թափանցիկ, և անհիմն եմ համարում նմանատիպ խոսակցությունները»։

Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը ոչ մի վատ բան չի արել, որ պետության սեփականությունը հանդիսացող պետհամարանիշերի վրա հավելյալ լոգո է ցանկացել դնել կեղծիքներից խուսափելու համար։

«10 տարուց ավել միայն մի կազմակերպություն է այդ մրցույթը շահել, ես աջակցել եմ, որ մեկ այլ կազմակերպություն մասնակցի մրցույթին, և հենց այդ մասնակցած կազմակերպության բողոքի հիման վրա է վարչապետին ներկայացրել այդ տվյալները ՊՎԾ-ն, դա աբսուրդ է»,- նշեց ոստիկանապետը։

Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց մրցույթը շահած կազմակերպության մասին՝ նշելով, որ նա Ռուսաստանից էր և բողոքում էր, որ տարիներ շարունակ իրեն թույլ չեն տվել մասնակցել մրցույթին, և ինքը որոշել է աջակցել․«Եթե ես որևէ կաշկանդվածություն ունենայի, կշարունակեի այն ձեռագիրը, որ 10 տարի շարունակ եղել է»։