Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    22°
    Home » Լուրեր » ԵԽ-ում առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

    ԵԽ-ում առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

    Սեպտեմբեր 13, 2017 14:42 Լուրեր, Միջազգային A+ / A-

    pe_6416

    Նախորդ շաբաթ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ ԵԽ-ում ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու համատեղ առաջարկով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը:

    Նիստում Եվրահանձնաժողովի անունից ելույթ ունեցած Յոհաննես Հահնը ուշադրություն  է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հետընթաց է  գրանցվել: Նրա կարծիքով՝ Թուրքիան իր իսկ շահերից ելնելով անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների և որոշ ԵՄ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հահնը տեղեկացրել է, որ ամենաուշը 2018թ. գարնանը Եվրահանձնաժողովը կհրապարակի Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցը. «Եթե իրավիճակը չփոխվի, ապա առանձնապես մեծ քաղաքական երևակայություն չի պահանջվի՝ հասկանալու համար, թե ինչ գրել զեկույցում», -ասել է նա:

    Քրիստոնյա դեմոկրատների (EPP) անունից նիստում ելույթ ունեցած պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Անկարայի հետ եվրաինտեգրման բանակցությունները: Նա նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիայի համար ԵՄ բյուջեով նախատեսված գումարները պետք է բաժանել Թուրքիայի հասարակությանը:

    ԵՄ Սոցիալ դեմոկրատների (S&D) անունից հանդես եկած հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին նշել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին ԵՄ-ի որոշումը չի փոփոխվել: Փիրին ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է իրարից տարբերակել Թուրքիայի կառավարությունն ու Թուրքիայի հասարակությունը: Նա կողմ է արտահայտվել անդամակցության բանակցությւոնների դադարեցմանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Թուրքիան պետք է շարունակի մնալ թեկնածու երկիր:

    Պահպանողական խմբակցության (ECR) անունից ելույթ ունեցած անգլիացի պատգամավոր  Չառլզ  Թաննոքը նշել է, որ Թուրքիան հեռացել է արևմտյան ժողովրդավարական նորմերից, ուստի եկել է Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու ժամանակը:

    Լիբերալ խմբակցության (ALDE) ներկայացուցիչ գերմանացի պատգամավոր Ալեքսանդր Լաբսդորֆի խոսքով՝ Թուրքիան վաղուց դադարել է համապատասխանել Կոպենհագենի քաղաքական չափանիշներին և առաջարկել Եվրահանձնաժողովին՝ այս հանգամանքը հաշվի առնելով բանակցությունների դադարեցման վերաբերյալ որոշում ընդունել: Լամբսդորֆի կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացն արդեն «մահացել է» և անհրաժեշտ է մտածել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների նոր տեսակի մասին:

    Միացյալ ձախերի խմբակցության (GUE) ներկայացուցիչ, ֆրանսիացի պատգամավոր Մարիա – Քրիստինա Վերգիատը նույնպես կողմ է արտահայտվել Անկարայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցմանը:

    Կանաչների խմբակցության անունից ելույթ ունեցած գերմանացի պատգամավոր Սկա Քելլերի կարծիքով՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիան Էրդողանը չէ, և Էրդողանը Թուրքիան չէ: Կանաչների խմբակցության համանախագահ Քելլերը նաև առաջարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո կիրառել:

    Հավելենք, որ հաջորդ ամիս Եվրախորհրդարանը Ստրասբուրքում քվեարկության կդնի Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ որոշումը:

    Աղբյուր` Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top