Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Մամուլ » «Ժամանակ». «Հարիֆին դավադիտ մի արեք»

    «Ժամանակ». «Հարիֆին դավադիտ մի արեք»

    Հոկտեմբեր 11, 2017 8:40 Մամուլ A+ / A-

    default (6)

    «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

    Տիկին Համբարձումյան, ճի՞շտ է, որ Ձեզ պատկանող բիզնեսներում ուժեղացված հարկային ստուգումներ են՝ կապված Ձեր վերջին հարցազրույցների հետ:

    Ոչ, չկա նման բան:

    Վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները ինչի՞ հետեւանք են:

    Թանկացումները խայտառակություն են: Ի՞նչ են արել, որ կարագը այդպես թանկացավ: Չեմ կարծում՝ միջազգային շուկայում թանկացումներ են: Եվ այնպես թանկացավ, չհասկացանք՝ ինչի համար եղավ: Գուցե հիմա են ուզում ընտրությունների ծախսերը հանել, թանկացնում են, որ այդ ծախսերը հանեն: Եվ սա ավելի ուշ արեցին, որ հանրությունը դա չկապի ընտրությունների հետ: Ընտրություններին այդքան գումար էր ծախսվել, պետք է հանեին:

    Թանկացումները ինչի՞ կհանգեցնեն, հնարավո՞ր է սոցիալական բունտ:

    Տեսեք, եթե կարագը թանկանում է, կթանկանա խմորեղենը, կարագի հետ կապված ամեն ինչ կթանկանա: Մեկը մյուսի հետ շաղկապված է, եւ թանկացումը ակնհայտ կլինի: Ինչ վերաբերում է սոցիալական բունտին, մի ասացվածք կա՝ հարիֆին դավադիտ մի արեք:

    Այս մեկ տարվա ընթացքում արդյոք ներդրումների ավելացում նկատո՞ւմ եք:

    Ներդրումների ավելացում չեմ նկատում, բայց հարկային եւ մաքսային դաշտն արդեն կանոնակարգվում է, եւ դա նկատելի է: Հիմա շատ լավ է, նաեւ սահմանը հատելուց է դա նկատելի: Զգում ես մաքսային դաշտում առկա փոփոխությունները, սակայն անելիք դեռ շատ կա: Ժողովուրդն ինքը պետք է կարողանա փոխել, իրեն հղկել, այլապես ինչպե՞ս կարող է մի ղեկավարն ինչպես պետք է կարողանա բոլորին հսկել: Մարդու աչքը պետք է կուշտ լինի: Եթե մարդու աչքը կուշտ չեղավ, երբեք չի կարգավորվի ոչինչ:

    Իսկ ինչո՞ւ ներդրումները չեն ավելանում, թեեւ խոստումներին:

    Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը ներդրումներ է արել՝ բացի Կարապետյան Սամվելից: Ասում են, որ նա բավականին ներդրումներ է կատարել, ուրիշ այլ ներդրողներ չեմ տեսել: Խոսակցություններ կան, բանակցություններն ընթանում են, բայց առայժմ այդ ներդրողները չկան:

    Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ ներդրողները հապաղում են:

    Բոլոր ներդրողները սպասում են հաջորդ տարվա ապրիլին, տեսնեն, թե ով է լինելու վարչապետ: Չէ՞ որ ներդրումներ են անելու, իրենք պետք է երաշխիք ունենան իրենց ապահովության գումարների համար: Գուցե վարչապետն էլ կմնա եւ կտա երաշխիք, ով գիտի, գուցե մնում է եւ շարունակում է աշխատե՞լ: Հիմա բոլորը սպասողական վիճակում են:

    Այսինքն՝ Դուք այն կարծիքին եք, որ մեկ հոգու համա՞ր են բարենպաստ պայմաններ ստեղծվել՝ Սամվել Կարապետյանի:

    Նախկինները, ովքեր կան, մնացել են, ավելացել է նորը: Նախկինների համար ոչինչ չի փոխվել, դարձյալ կան յուրայիններ եւ ոչ յուրայիններ:

    Ըստ Ձեզ՝ ո՞ւմ հետ կլինի աշխատանքն ավելի արդյունավետ՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան վարչապետի:

    Գիտեք, ինձ համար եւ, կարծում եմ, բոլորի համար խիստ միեւնույն է, թե ով կլինի վարչապետ, որովհետեւ նրանք նույն թիմից են: Թիմը նույնն է, եւ ով էլ լինի թիմից, պետք է սիրի Հայաստանը: Ով սիրեց Հայաստանը, նա էլ լավ կաշխատի: Կարծում եմ՝ սերն է պակասում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top