Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Մամուլ » «Ժամանակ». Շրջադարձ արցախյան հարցում

    «Ժամանակ». Շրջադարձ արցախյան հարցում

    «Ժամանակ». Շրջադարձ արցախյան հարցում
    Փետրվար 13, 2018 8:38 Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրադադարը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին՝ նկատի ունեն Բաքվին եւ նրան են հասցեագրում իրենց հայտարարությունները: Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձագանքն է հարցերին, որ վերաբերում են համանախագահների ընդհանրական հայտարարություններին:

    Դրանցից մեկն էլ հնչեց տարածաշրջան նրանց հերթական այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հանգամանքը եւ կոչ արվում դադարեցնել կրակը՝ առանց մատնանշելու կոնկրետ, որ զոհը եղել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Եվ առավել եւս, երբ համանախագահներին ընդունելուց նույնիսկ ժամեր անց Ալիեւը հայտարարում էր անգամ Երեւանը գրավելու մտադրության մասին, համանախագահների ընդհանրական կոչը հնչում է պարզապես քաղաքական անհամարժեքության տրամաբանությամբ:

    Մյուս կողմից, սակայն, այստեղ հարց է առաջանում հայկական դիվանագիտության համարժեքության կապակցությամբ: Ստեղծվել է իրապես հետաքրքիր եւ ուշագրավ մի վիճակ: Ակնհայտ է, որ Ալիեւը որոշակի դիվանագիտական փակուղում է, եւ նրա քայլերն ու ագրեսիան ավելի շուտ հենց դրա, քան ինքնավստահության դրսեւորում են: Ալիեւն այդ վիճակում է ապրիլյան քառօրյայում տապալվելուց հետո, երբ ադրբեջանական ամբողջ ագրեսիան կարողացավ լուծել ընդամենը մի քանի դիրքի հարց:

    Մյուս կողմից՝ ինչո՞վ է արտահայտվում այդ վիճակը: Ըստ էության, ստացվում է, որ փակուղում գտնվող Ալիեւը այդուհանդերձ դեռ ունի «անաղմուկ մարդասպանության» իրավունք եւ նաեւ ագրեսիվ հայտարարությունների իրավունք: Սա փակուղու գի՞նն է, այսինքն՝ մանր խուլիգանության իրավունք, երբեմն նույնիսկ թույլատրելի մահվան ելքերով: Եվ սա հայկական դիվանագիտության հաղթանա՞կ է, թե՞ պարզապես հայկական զինուժի ապրիլյան քառօրյայի ապահոված պաշտպանության շարունակվող արդյունք, որը այդպես էլ չի ստանում դիվանագիտական համարժեք թիկունք, որը պետք է արտահայտվեր ագրեսորի նկատմամբ միջնորդների ավելի բաց, թիրախային վերաբերմունքով:

    Նախօրեին Սերժ Սարգսյանը Երեւանում Բուլղարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցության, բայց որեւէ կարգավորում չի լինի, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել առավելապաշտությունից եւ Երեւանը նվաճելու զառանցանքի մեջ է: Ալիեւը խոսում է Երեւանը նվաճելու մասին, Սերժ Սարգսյանը Երեւանում հայտարարում է, թե պետք չէ առավելապաշտություն: Այսինքն՝ Երեւանը խոսում է այն մասին, որ Բաքուն շատ է ուզում, եթե քիչ ուզի, Երեւանը պատրաստ է:

    Սա, իհարկե, բանակցային օրակարգի տրամաբանությունն է, կամ այսպես ասած՝ Մադրիդյան սկզբունքների, որոնք կազմում են օրակարգի առանցքը: Սրան զուգահեռ՝ Երեւանն, իհարկե, առաջնորդվում է մտայնությամբ, թե Բաքուն միշտ էլ ուզելու է ամբողջը, եւ այդ ֆոնին Երեւանը նման հայտարարություններով կարող է «ուշիմ» տեսք ստանալ Բաքվի խուլիգանության ֆոնին:

    Բայց խոսքը վերաբերում է մարդասպանությանը, եւ ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ժամանակը չէ՞ արդյոք Երեւանին փոխել հռետորաբանությունը ոչ միայն պահի տակ, այլ ռազմավարական իմաստով, այսինքն՝ այլ լեզվով խոսել համանախագահների հետ եւ ոչ թե փորձել խելոք երեւալ Բաքվի ֆոնին, այլ Բաքվի ֆոնին լինել ավելի նախաձեռնող եւ 3+2 ֆորմատը՝ երեք միջնորդներն ու երկու հակամարտ կողմերը, առնվազն գաղափարական-հռետորաբանական իմաստով ենթարկել կազմի փոփոխության՝ 3 միջնորդներ եւ երկու հայկական կողմեր՝ փորձելով աստիճանաբար ղարաբաղյան գործընթաց ասվածը լցնել այդ ֆորմատը բնորոշող տեքստային բովանդակությամբ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top