Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    10°
    Home » Լուրեր » Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով

    Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով

    Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով
    Մայիս 12, 2018 13:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում և համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել: Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումն, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ոուժերի զարգացման ուղղությամբ: Մեզ համար կարևոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, և զինված ուժերը քաղաքական որևէ ցնցման ազդեցություն չզգան»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԶՈՒ-երի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ-ի, ԱՀ-ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա:

    Վարչապետը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձևակերպել է նախարարի առջև: «Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է և շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են և պետք է շարունակեն ամրանալ: Նաև ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար: Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈՒ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: Այս գործընթացը պետք է շարունակենք: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը և այդ առումով, առավել ևս ԶՈւ-երի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչև գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն:

    Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսուհետ այս խնդիրը լուծելն իրական է, և այդ գործընթացը պետք է շարունակել մինչև վերջ:

    Անդրադառնալով հաջորդ խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈՒ-երի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈՒ-երի գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈՒ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև հանրապետությունում, այդ թվում՝ ԶՈՒ-երում հակածխախոտային քաղաքականության իրականացումը:

    Անդրադառնալով ԶՈւ-երում կրթական գործընթացի կազմակերպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են: «Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք և հասկանանք դրա լուծման նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարևոր է»,- շեշտել է վարչապետը:

    Խոսելով ԶՈՒ-երում տեղի ունեցող դժբախտ դեպքերի և պատահարների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Եվ հակառակորդի գործողությունների, և տարբեր միջադեպերի հետևանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Չեմ ասում, թե մինչ այս այդպես չի եղել, բայց հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»:

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին և ԶՈՒ-երին՝ կատարած ծառայության համար և հավելել, որ ՀՀ ԶՈՒ-երը վայելում են հայ ժողովրդի կատարյալ վստահությունը: «Սա շատ կարևոր է: Միաժամանակ, ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում այսօր կա կառավարություն, որը նույնպես վայելում է ժողովրդի վստահությունը, գուցե ոչ այնքան՝ որքան բանակը, բայց առնվազն ունենք պոզիտիվ իրավիճակ, որը բացառիկ է: Սա պետք է կարողանանք վերածել կոնկրետ արդյունքների, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի անվտանգային միջավայրը և որոնց արդյունքում այն դրական մթնոլորտը, որ հաստատված է հանրապետությունում՝ կպահպանվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

    Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները: «Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

    Նման թեմաներ

    scroll to top