Գլխավոր Լուրեր Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրուգալոսի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրուգալոսի հետ

4
0

Հունիսի 4-ին Աթենքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Յորգոս Կատրուգալոսի հետ։

Զոհրաբ Մնացականյանը եւ Յորգոս Կատրուգալոսը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը առկա մեծ ներուժի հիման վրա խորացնելու ավանդական կապերը եւ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Արտգործնախարարներ Մնացականյանը եւ Կատրուգալոսը  գոհունակությամբ ընդգծեցին, որ համագործակցության նոր՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում հարաբերությունների արդյունավետ զարգացման եւ խորացման նոր հեռանկարներ է բացում։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը՝ որպես ԵՄ կառույցի եւ անդամ երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի։ Զրուցակիցներն մտքեր փոխանակեցին տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակում համագործակցության հեռանկարների շուրջ՝ ուղղված տվյալ ձեւաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործմանը:

Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձ կատարեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք օրակարգային հարցերի։