Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին

    Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին

    Դեկտեմբեր 8, 2018 16:53 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել  ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է.

    Երևան Տոնավաճառ

    «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության,  ժողովրդավարության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների և առաջընթացի ապահովման հարցում: Հայաստանում հանրային բողոքներն ցուցադրեցին մեր հասարակության և հասարակական կառույցների, քաղաքացիական հասարակության կարողությունը և դրանց՝ քաղաքական հասունության և իրավագիտակցության համեմատաբար առավել բարձր մակարդակի զարգանալը: Առանձնապես կարևոր նշանակություն ունի կանանց և երիտասարդության ընդգծված դերը, որոնք կանգնած էին հեղափոխության առաջնագծում:

    Երեք օրից մեզ մոտ կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երաշխավորվելու է հայ ժողովրդի՝ իսկապես ազատ ընտրություն անցկացնելը: Սա մեր հստակ և անշեղ քաղաքական  կամքն է: Մեր հանձնառություններին համապատասխան և ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը հրավիրել է համապատասխան միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ԺՀՄԻԳ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին ընտրությունների որպես դիտորդ մասնակցելու համար:

    Պարոն նախագահ,

    Երեսուն տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի ելավ սկսելու մեր նոր պայքարն ընդդեմ պատմական անարդարության և հանուն ինքնորոշման, մարդկային արժանապատվության և ազատության: Մարդու հիմնարար այս իրավունքների մերժումը և նրանց խաղաղ նկրտումների դեմ ուժի կիրառումը հակամարտության սկզբնապատճառն է: Կենսական սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքին և անվտանգությանը ընկած է հակամարտության հիմքում:

    Երեք տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատակամ է արժանապատվորեն կառուցելու իր կյանքն ու հաստատությունները՝ հակադարձելով  Ադրբեջանի կողմից իրականացվող դաժանություններին, բռնությանը և ագրեսիային: Ադրբեջանի կողմից որդեգրած բռնության քաղաքականության շարունակումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միայն երկարաձգում են խնդրի կարգավորումը՝ նոր տառապանքներ ստեղծելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Զենքի սպառնալիքի ներքո օգուտներ քաղելու պատրանքները դատապարտված են ձախողման:

    Հայաստանի նոր կառավարությունը վճռականորեն վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չի ազդել խաղաղ գործընթացի վրա, և նախորդ յոթ ամիսների ընթացքում մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել հանդիպումների և քննարկումների մեջ: Սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ իրավիճակի սրման վտանգների նվազեցման, հրադադարի ամրապնդման և կողմերի միջև օպերատիվ կապի հաստատման վերաբերյալ:

    Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք: Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:

    Խաղաղությանը նպաստող միջավայրն էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար: Այս առնչությամբ նշանակալի ներդրում կլինի  Դուշանբեի համաձայնությունների, ինչպես նաև վստահության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:  Հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված իրական ջանքերը և ռազմատենչ հռետորաբանությունից ու ատելության քարոզից հրաժարվելը նույնքան կարևոր է:

    Անհրաժեշտ է, որ վտանգի նվազեցման միջոցներն ուժեղ աջակցության արժանանան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից։ Հարձակվողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը։ Բոլոր ներգրավված անդամ պետությունները պետք է վերանայեն իրենց այս գործելաոճը։ Այն, ինչ ոմանք ներկայացնում են որպես գործարք, մեր ժողովրդի համար մահացու զենք է:

    Հակամարտության, և հետևաբար դրա հանգուցալուծման առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունն է:

     

    Պարոն նախագահ,

    Երեք օրից՝ դեկտեմբերի 9-ին, աշխարհը կնշի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց ցեղասպանության կանխարգելման մասին Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը: 2015թ. մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

     

    Պարոն նախագահ,

    Մենք Կիպրոսի պատվիրակության հետ համատեղ նախաձեռնել ենք Կոնվենցիայի 70-ամյակին նվիրված Հռչակագիր և լիահույս ենք, որ ԵԱՀԿ-ի այս մարմնին դեռևս հնարավորություն կընձեռվի արտահայտելու իր վճռականությունն՝ ի աջակցություն այս Կոնվենցիայի, որն արդիական է, քան երբևէ:

     

    Պարոն նախագահ,

    Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել Սլովակիային գալիք նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն հաջողություն և հայտնել մեր աջակցությունը»:


    Նման թեմաներ

    scroll to top