Գլխավոր Լուրեր Զրպարտություն և սուտ մատնություն. քաղաքապետարան

Զրպարտություն և սուտ մատնություն. քաղաքապետարան

3
0

Երեկ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե Երևանի քաղաքապետարանը 236 մլն դրամ ընդհանուր արժեքով 5 «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաներ գնելիս յուրացրել է մոտ 60 մլն դրամ: Նախկին ՀՀԿ-ական պաշտոնյան պնդում է, որ ինքը ռուսական ընկերությունից 5 «ԿամԱԶ» է պատվիրել և իրեն այլ գումար են առաջարկել:

Այս մեղադրանքը պարզաբանելու համար Araratnews.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։

«ԿամԱԶ» ընկերությունը բազմաթիվ և բազմատեսակ մեքենաներ է արտադրում՝ տարբեր տարողունակությամբ, շասիների տարբեր երկարությամբ, առհասարակ տարբեր կարգավորումներով և պարամետրերով հագեցած, և ցանկացած տիպի  համեմատություն անելիս, հատկապես գնային, պետք է հաշվի առնել այդ հանգամանքները: Բաղդասարյանն այդ հարցազրույցի մեջ նման համեմատություններ չի արել: Իսկ քաղաքապետարանի ձեռք բերած «ԿամԱԶ»-ները» տարբեր տարողունակություն և չափանիշներ ունեն: Ըստ էության, դա զրպարտանք է, եթե ոչ՝ սուտ մատնություն: Ես կարծում եմ, որ իրավապահները պետք է զբաղվեն դրանով և պարզեն՝ արդյոք տեղի է ունեցել ինչ-որ չարաշահում, թե ոչ: Բայց որևէ չարաշահում չի եղել, քանի որ քաղաքապետարանն ամենայն մանրամասնությամբ կարող է ներկայացնել գնման փաստաթղթերը»,- արձագանքեց Կարապետյանը:

Մամուլի խոսնակը նշեց, որ իրենց համար պարզ են Ռուսլան Բաղդասարյանի զրպարտության մոտիվները. «Բավական է միայն ընթերցել մեկ ամիս վաղեմության ոստիկանության հաղորդագրությունն այն մասին, որ Դավթաշեն վարչական շրջանում առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ և յուրացումներ են եղել և համադրել այդ տվյալները վարչական շրջանի նախկին ղեկավարի տվյալների հետ, կարելի է հասկանալ, որ սա ավելի շատ պաշտպանական ճառ է, քան ինչ-որ լուրջ հետաքննություն: Չնայած նշեմ, որ մենք չենք ուզում խախտել Ռուսլան Բաղդասարյանի անմեղության կանխավարկածը»:

Հարցին՝ արդյոք զրպարտության համար քաղաքապետարանը իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելո՞ւ է. «Այդ հարցազրույցն ինքնին իրենից ներկայացնում է հաղորդում, և արդեն իրավապահները պետք է քննեն՝ հասկանալու համար այդտեղ կա՞ չարաշահում, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում՝ նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Ի դեպ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ այդ ընթացքում եղել են Արթուր Գևորգյանն ու Ռուսլան Բաղդասարյանը: