Գլխավոր Կրթություն «Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է

«Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է

35
0

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2020 թ. հունվարի 30-ին լույս է տեսել Փենսիլվանիայի համալսարանի TTCSP Global Go To Think Tank Index ծրագրի 2019 թվականի վարկանիշավորման զեկույցը, որում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ, իսկ «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ՝ 59-րդ հորիզոնականը:

Փենսիլվանիայի համալսարանը միակն է, որ մշտադիտարկում և հավաքագրում է տվյալներ աշխարհում գործող ավելի քան 8000 ուղեղային կենտրոնների գործունեության վերաբերյալ, որոնցից լավագույնները որոշակի մեթոդաբանությամբ և մի քանի փուլից բաղկացած փորձագիտական գնահատումից հետո տեղ են գտնում ամենամյա վարկանիշավորման զեկույցում:

«Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ, բացի ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, Հարավային Կովկասի երկրները ներկայացնող այլ համալսարանական ուղեղային կենտրոններ չկան: «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ տեղ է գտել Հայաստանը ներկայացնող 10 ուղեղային կենտրոն: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է 30 ուղեղային կենտրոն: