Գլխավոր Կրթություն Ամենադժվարը լինելու է սոցիալական հեռավորության ապահովումը. Արաքսյա Դոլինյան

Ամենադժվարը լինելու է սոցիալական հեռավորության ապահովումը. Արաքսյա Դոլինյան

296
0

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն էր տարածել համայնքում մանկապարտեզների բացման հետ կապված: Ըստ քաղաքապետի գրառման՝ մանկապարտեզները Արմավիրում վերսկսելու են իրենց աշխատանքը հունիսի 1-ից:

AraratNews.am-ը մանկապարտեզների վերաբացման շուրջ զրուցել է Արմավիրի համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Արաքսյա Դոլինյանը մասնավորապես նշեց.

«Արմավիրում մանկապարտեզները վերաբացվելու են հունիսի 1-ից: Դա, նախևառաջ, պայմանավորված է պարետատան պահանջները հավուր պատշաճի կատարելով և նախապատրաստական աշխատանքները ճիշտ կազմակերպելով, որովհետև բոլոր հարցերին միանգամից հստակ պատասխան տալը պարզապես անհնարին է:

Ինչ վերաբերում է կոնկրետ հնարավորությանը՝ ամեն ինչ հենց այս պահից սկսված արվում է և հնարավորինս արվելու է՝ ապահովելու պարետատան պահանջները: Կարծում եմ, որ մանկապարտեզ կհաճախեն ոչ միայն աշխատող ծնողների երեխաները: Հստակ ասել չեմ կարող, որովհետև դա պարզ կլինի միայն վերաբացելուց հետո: Գիտեմ, որ ծնողների ցանկությունն ընդհանրապես մանկապարտեզները վերաբացելու հետ կապված՝ խիստ ծայրահեղական է: Անկախ այն հանգամանքից՝ աշխատում են, թե չեն աշխատում, կան ծնողներ, որոնք կողմ են, կան ծնողներ, որոնք դեմ են, և դա շատ բնական է: Հասարակությունը, չեմ կարծում, որ միակարծիք լինի այդ հարցում: Բայց պարետատան բոլոր պահանջները՝ ամենագլխավոր ախտահանման աշխատանքներից սկսված մինչև առավոտյան ջերմաչափում, երեխաների ընդունելություն, սոցիալական հեռավորության պահպանում, պետք է կատարվեն: Ի դեպ, ամենադժվարը լինելու է սոցիալական հեռավորության ապահովումը: Ես չեմ ուզում, այսպես, վարդագույն ակնոցով նայել կամ էլ ասել, որ ամեն ինչ իդեալական է լինելու: Դա ապահովելն արդեն բավականին բարդ է լինելու, որովհետև նախադպրոցական տարիքի երեխայի հետ ամեն խմբում աշխատում են մեկ դաստիարակ և մեկ դաստիարակի օգնական, և այդ խմբերում մեկ դաստիարակի և մեկ դաստիարակի օգնականի միջոցով ապահովել սոցիալական հեռավորությո՞ւն, այսինքն՝ այստեղ երեխային ինքնագիտակցության հասցնելու խնդիր կա: Տիկնիկներ չեն, որ կանգնեցնեք և ասենք՝ դու այստեղ, դու այնտեղ: Պետք է հնարավորինս ձգտել դա ապահովել: Դա, իմ կարծիքով, ամենաբարդը կլինի»:

Անդրադառնալով մանկապարտեզներում սննդի կազմակերպման հարցին՝ Արաքսյա Դոլինյանն ընդգծեց, որ, իր կարծիքով, սնունդը տնից բերելն ավելի ռիսկային է: Նախնական քննարկման արդյունքում, ամենայն հավանականությամբ, սնունդը կկազմակերպեն հենց մանկապարտեզներում՝ այնպես, ինչպես որ միշտ կազմակերպել են:

Արմավիրի համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի բաժնի պետը հավելեց, որ եթե բյուջեն բավականացնի, իրենք մանկապարտեզներում մեկանգամյա օգտագործման սպասք կկիրառեն, իսկ եթե ոչ՝ պարետատունը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է իրականացվեն սպասքի պարտադիր ախտահանման աշխատանքները. «Պարզապես, պետք է ամեն ինչ անել նախանշվածով»:

Օլյա Շահինյան