Գլխավոր Հասարակություն ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian...

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian (տեսանյութ)

58
0

Պարզվում է, Հայաստանում գործող Medmedia կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի  կողմից՝ Հայաստանում COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Այս մասին հայտնում են բրիտանական OpenDemocracy-ն ու The Guardian-ը՝ մանրամասներով ներկայացնելով  եղելությունը:

Medmedia կայքը հիմնադրվել է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի կողմից՝ բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանի ղեկավարությամբ: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի բարդացումից եւ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո բժիշկ Գեւորգ Գրիգորյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ու լրագրող Անի Հովհաննիսյանը ստեղծել են Հայաստանում COVID-19-ի իրավիճակի մասին փաստահավաք խումբ, որը խոստանում էր  Հայաստանում կորոնավիրուսի մասին տեղեկություններ հայտնել եւ ստուգել պաշտոնական աղբյուրների տարածած տեղեկատվության իսկությունը:

 
 

OpenDemocracy-ն նշում է, որ իրենք պարզել են՝  Medmedia.am  կայքը պատկանում է հենց Գեւորգ Գրիգորյանին, այն գործարկվել եւ աշխատում  է ԱՄՆ դեսպանության դրամաշնորհով, որը տրվել է նախորդ տարի՝ ԱՄՆ դեսպանատան կողմից: Գումարը տարեկան մոտ 50 հազար դոլար կարող է կազմել: Հատկանշական է, որ լինելով բժիշկ, Գեւորգ Գրիգորյանը հաճախ է հանդես գալիս չփաստարկված հայտարարություններով, որոնց անվերապահորեն հավատում է մարդկանց մի ստվար հատված:

The Guardian-ը գրում է, որ կայքը տարածում է «անհավատալիորեն վտանգավոր» ապատեղեկատվություն կորոնավիրուսի մասին, այդ տեղեկատվությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ առողջապահության նախարարության տվյալներին:

ԱՄՆ-ում եւ Հայաստանում առողջապահության ոլորտի փորձագետները դատապարտել են կայքի նյութերը, որոնցից մեկում, օրինակ, ներկայումս մշակվող պատվաստանյութերն անվանվում են  «կենսաբանական զենքեր»: Մեկ այլ նյութում, որն ամենաշատ տարածումն ու դիտումն է ունեցել, սխալ ու սուտ տեղեկատվություն էր տարածվում այն  պնդումներով, որ դիահերձարաններից մեկը առաջարկել է 100 հազար դրամ՝ ինսուլտից մահացած հիվանդների հարազատներին, որոնք իբր պետք է իրենց ստորագրությունը թողնեին մի փաստաթղթի տակ, որում ասվում է, որ մարդու մահվան պատճառ է հանդիսացել COVID-19-ը: Այսպիսով ցանկացել են տպավորություն ստեղծել, թե իրական դեպքերն ավելի շատ են, քան հաղորդվում է եւ դրանց մի մասը թաքցվում է: Վերջերս հրապարակված մի քանի հոդվածներում էլ COVID-19-ը ներկայացվել է որպես «գոյություն չունեցող, կեղծ համավարակ»:

OpenDemocracy-ն նաեւ նշում է, որ շատ հաճախ կայքում օգտագործվել են ֆեյսբուքյան գրառումներից հատվածներ, մեջբերումներ, որոնք ֆեյսբուքում փոքր եւ ուշադրության արժանի չեն եղել, սակայն ընդհանուր հոդվածի  համատեքստում ստացել են լայն տարածում եւ դարձել ուշագրավ: Այս կայքի հրապարակումների հետեւանքով մարդիկ սկսել են ավելի քիչ հավատալ պաշտոնական վիճակլագրությանը եւ ավելի շատ կարծել, որ վարակի պատկերը հորինվածք է:

Medmedia.am-ը հրապարակում է հոդվածներ, լուրեր, տեսանյութեր, հարցազրույցներ առողջապահական տարբեր թեմաներով, ոչ միայն կորոնավիրուսի մասին: Հոդվածների մեծ մասն անստորագիր է, իսկ  ամենաընթերցված հոդվածները հիմնականում վերահրապարակված ֆեյսբուքյան գրառումներ են, որոնք կայքում տեղադրվում են առանց խմբագրման: Դրանք հիմնականում COVID-19-ի կամ պատվաստումների վերաբերյալ գրառումներ են:

Ամերիկացի բժիշկ, իմունոլոգիայի փորձագետ, ռոտավիրուսի պատվաստանյութի գյուտի համահեղինակ Փոլ Օֆիթը OpenDemocracy-ի հետ զրույցում ասել է, որ այս ապատեղեկատվությունը չափազանց վտանգավոր է համավարակի այս օրերին, կարող է մարդկանց ապակողմնորոշել եւ խուճապ ստեղծել:

Ամերիկյան First Draft News ընկերության տնօրեն եւ ապատեղեկատվության գծով փորձագետ Քլեյր Ուարդլն էլ գտնում է, որ  ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է վերահսկողություն սահմանի դրամաշնորհների օգտագործման համար, քանի որ Պետդեպը տեղեկատվական նախաձեռնություններին աջակցում է ամբողջ աշխարհում՝ առանց դրանց բովանդակության, մեթոդների եւ դրդապատճառների պատշաճ վերահսկողություն իրականացնելու:

Կայքում նշվում է, որ բժիշկ Գեւորգ Գրիգորյանի ղեկավարած խորհուրդը նաեւ պապիլոմավիրուսի պատվաստումների դեմ քարոզչական արշավներում է ներգրավված եղել ու ակտիվ մասնակցել է ԼԳԲՏ  համայնքի դեմ տարվող արշավին:

Medmedia.am-ի հրապարակումները թիրախավորում են ՀՀ Առողջապահության նախարարությանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կասկածի տակ առնելով դրանց կողմից հրապարակվող պաշտոնական տվյալները:

Գեւորգ Գրիգորյանը եւս openDemocracy-ի հետ զրույցում հաստատել է, որ Medmedia.am-ը ստեղծվել է ԱՄՆ դեսպանության տրամադրած դրամաշնորհի շրջանակում։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունն էլ openDemocracy-ին հայտնել է,  որ մոտ 10 հազար եվրո էլ մեկ այլ ՀԿ-ի կողմից  տրամադրվել է երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային, որի ղեկավարը բժիշկ Գրիգորյանն է:

Մայիսին Medmedia.am-ի ամենակարդացված նյութը կայքում 131.000 դիտում է ունեցել, նյութում հայերին կոչ է արվում հրաժարվել պատվաստումներից։

Երևանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային տրված դրամաշնորհը ի սկզբանե նախատեսված է եղել Հայաստանում առողջապահության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ոլորտում «կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» համար:

Medmedia.am կայքը «ստեղծվել է որպես նախագծի բազմաթիվ բաղադրիչներից մեկը: Դեսպանատնից հավելել են. որ կայքում հրապարակված կարծիքները չեն արտացոլում ԱՄՆ կառավարության տեսակետները:

Մանրամասները Ազատություն ռադիոկայանի տեսանյութում`