Գլխավոր Միջազգային ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ

ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ

74
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար նախատեսված գումարը կուղղի ամբողջ աշխարհի հրատապ առողջապահական կարիքներին։

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երկիրը դադարեցնում է հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեռ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Քանի որ նրանք (ԱՀԿ-ն – խմբ․) հրաժարվել են պահանջվող բարեփոխումներն անցկացնելուց, մենք այսօր դադարեցնում ենք հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և ուղղում ենք այդ միջոցները ամբողջ աշխարհի առողջապահական կարիքներին»-ասել է Թրամփը Սպիտակ տանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր գրել ԱՀԿ-ի տնօրեն Թեդորոս Ադանոմ Գեբրեյեսուսին և հայտնել, որ իր ղեկավարած պետությունն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը ԱՀԿ-ին, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում բարեփոխումներ չիրականացնի:

Թրամփը նշել էր, որ Սպիտակ տան վարչակազմը հետաքննությունն է անցկացրել պարզելու համար, թե ինչպես է ԱՀԿ–ն արձագանքել կորոնավիրուսի համավարակին։

Worldometer համաշխարհային վիճակագրության կայքի այսօրվա տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 5,9 միլիոնը։ COVID-19-ի բարդացումներից արդեն 363 905 մարդ է մահացել։

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն վարակի տարածման ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում։ Հաստատված դեպքերի թիվն այդ երկրում կազմում է 1 783 492, զոհերի թիվը՝ 104 037։

Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։