Գլխավոր Հասարակություն Այսօր Պետրոս Ադամյանի հիշատակի օրն է

Այսօր Պետրոս Ադամյանի հիշատակի օրն է

15
0
Դերասան Պետրոս Ադամյանը (դեկտեմբերի 21, 1849թ., Կոստանդնուպոլիս — հունիսի 3 1891թ., Կոստանդնուպոլիս) իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը:
Պետրոս Ադամյանն ուսանել է Ղալաթիայի Սբ. Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում, մասնավոր սովորել է լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն: Դեռևս 16 տարեկանում նա երկբառանոց մի դերով հանդես է եկել «Արևելյան թատրոնում» Է.Վիկտորի «Գուլիելմոս աշխարհակալ» պիեսի բեմադրության մեջ և արժանացել խրախուսանքի: 1867թ.-ից արդեն նույն թատրոնի դերասան է եղել: 1870թ.-ից գործել է ռեժիսոր և դերասան Թոմաս Ֆասուլաճյանի, 1872-75թթ-ին՝ Պետրոս Մաղաքյանի դերասանախմբերում:
1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հանդես է եկել Միքայել Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական բանաստեղծություններով: 1879թ. հրավիրվել է Թիֆլիս: Թիֆլիսյան տարիները շրջադարձային են եղել նրա ստեղծագործական կյանքում: Հաջողությամբ հանդես է եկել Ժադովի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկու (Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադոյի (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Միքայելի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլ դերակատարումներով:
Հյուրախաղերով շրջագայել է Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Նոր Նախիջևանում: 1883-85թթ. խաղացել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Խարկովում, Բաքվում և այլուր, ձեռք բերել մեծ համբավ: Հայերեն, երբեմն նաև ֆրանսերեն է խաղացել Արբենինի (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»),  Համլետի, Օթելլոյի (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո») և այլ դերեր: Ռուսական մամուլն Ադամյանին համեմատել է իտալացի հռչակավոր դերասաններ Թոմազո Սալվինիի և Էռնեստո Ռոսսիի հետ:
1887-88թթ. կրկին շրջագայելով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ վերադարձել է Կոստանդնուպոլիս, խաղացել Օթելլո, Կորրադո, Ուրիել (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քին (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին»): Մեծ ողբերգակն Օթելլոյի կերպարը ներկայացրել է որպես զորեղ մտքի տեր մարդու և մեծ զորավարի, վեր հանել անսահման սիրող ու խաբված մարդու ողբերգությունը: Համլետի դերակատարումն Ադամյանի գլուխգործոցն է: Նա կերտել է տառապող մարդու, բռնակալության և կեղծիքի դեմ պայքարող անհատի կերպարը:
Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889թ. Կոստանդնուպոլսում: Ադամյանն ունեցել է արվեստի ինքնատիպ լեզու, հրաշալի ձայն, դերասանական հղկված տեխնիկա: Հանդես է եկել նաև ասմունքով, գրել է բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր: 1887թ. Թիֆլիսում լույս է տեսել նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» գիրքը: 1956թ. Երևանում հրատարակվել է նրա «Երկերի» ժողովածուն: Մեծ դերասանն անջնջելի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ:
Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ: Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը: Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը, Ադամյանի անունով է կոչվել Թբիլիսիի հայկական թատրոնը