Գլխավոր Սպորտ Այսօր Սուրեն Բաղդասարյանի 80-ամյակն է (լուսանկարներ)

Այսօր Սուրեն Բաղդասարյանի 80-ամյակն է (լուսանկարներ)

57
0

«Ճիշտն ասած՝ ինքս էլ չեմ հավատում, որ այսօր Սուրեն Բաղդասարյանի 80-ամյակն է․ նա այն մարդկանցից է, որն անկախ տարիքից միշտ շատ ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալել և ծավալում։

Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ Հանրապետության ֆուտբոլային ցանկացած հանդիպում անցնում էր իր պրոֆեսիոնալ մեկնաբանության ներքո։

Մենք կարող ենք երկար քննարկել իր արած սխալները խաղերի ընթացքում, բայց անկախ այդ ամենից, պետք է փաստել, որ այսօր դեռևս չունենք իր նման կոլորիտային, ինքնատիպ ֆուտբոլային մեկնաբան։ Ցավում եմ, որ նա այդպես էլ չհիմնադրեց սեփական մեկնաբանական դպրոցը, որը համոզված եմ որակյալ կադրեր կտար, և այդ դեպքում հաճախակի ցանկություն չէր առաջանա մեկնաբանի ձայնն անջատել կամ ալիքը փոխել․․․

Ես հանդիսանում եմ իր հիմնադրած «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի (ստեղծվել է 1996թ․-ին) մշտական ընթերցողը՝ 2001թ․ հուլիսի 25-ի համարից սկսած։ Համացանցի բացակայության պայմաններում հայ ֆուտբոլասերի համար այդ թերթը համարվում էր միակ կապող օղակը համաշխարհային ֆուտբոլային անցուդարձի հետ, և ֆուտբոլասերներս անհամբերությամբ էինք սպասում հերթական համարի լույս տեսնելուն։ Թվային դարում թերթերը հետզհետե զիջում են իրենց դիրքերը, բայց ինձ համար «Ֆուտբոլ +»-ի գրագետ գրված նյութերն ընթերցելը մինչև օրս շատ հաճելի է (հուսով եմ, որ մոտ ապագայում կստեղծվի նաև «Ֆուտբոլ +»-ի պաշտոնական կայքը)։ Իհարկե, ես կարող եմ չհամաձայնել Սուրեն Բաղդասարյանի արտահայտած հեղինակային կարծիքներին, բայց իր խոսքը միշտ արժանի է ուշադրության։

Պարոն Բաղդասարյան, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ »:

Սուրեն Բաղդասարյանն ու հեռուստամեկնաբան, լրագրող՝ Մարինե Կարապետյանը

AraratNews.am նույնպես միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում բարեկեցություն ու առողջություն:

Գրառումը՝ Հենրիխ Մարգարյանի «Ֆեյսբուքի» էջից: