Գլխավոր Uncategorized Այս աշխարհում ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր իրավունքը․...

Այս աշխարհում ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր իրավունքը․ Բակո Սահակյան

26
0

Մենք մարտնչում էինք հանուն խաղաղության, մենք մարտնչում էինք հանուն համամարդկային արժեքների։ Սա գիտակցված ընտրություն էր եւ այս աշխարհում ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզնից խլել այդ ընտրության իրավունքը։ Այս մասին «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում հայտարարել է  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

«Այդ օրերին ես ԱՄՆ-ում մասնակցում էի Ատոմային անվտանգության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի ընթացքում հանդիպումներ ունեցա ԱՄՆ փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերրիի հետ, նրանց հետ քննարկեցի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցեր։ Գագաթնաժողովի ավարտից հետո զանգահարեցի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ նրան տեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին»,- պատմել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ընդգծելով, որ մշտապես իրենց տեղեկացրել են բանակցությունների ընթացքի մասին, Բակո Սահակյանն ասել է, որ այդ զրույցից մի քանի ժամ անց սկսվել է ապրիլյան քառօրյան։

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ Ադրբեջանի նպատակը ցեղասպանությունն էր, մեր հողերին տիրելը։ «Կարկուտ էր թափվում մեր դիրքերի վրա, բայց ոչ մի երիտասարդ չլքեց իր դիրքը», ասել է սրբազանը։

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի խոսքով՝ մինչ այդ հետախուզական-դիվերսիոն գործողություններն այնքան հաճախ էին տեղի ունենում, որ նախորդ օրերին տիրող դրությունը սովորական բանակային կյանքի մի մաս էր։

«Գիշերը տանն էի։ Ինձ զանգահարեց օպերատիվ կառավարման ղեկավարը, զեկուցեց, որ Ղարաբաղից ինֆորմացիա է ստացել, որ ռազմաճակատի ողջ երկայնքով հակառակորդի դիվերսիոն խմբերը լայնածավալ գործողություններ են սկսել։ Մարտեր են ընթանում։ Ես ծառայողական մեքենաս չկանչեցի, արագ հայտնվեցի ու իմ սեփական մեքենայով 15, առավելագույնը 18 րոպե անց արդեն իմ կաբինետում էի»,- հիշում է գեներալ Խաչատուրովը` նկատելով, որ առաջիններից մեկն է եկել նախարարությունում, եթե ոչ առաջինը։

Յուրի Խաչատուրովը պատմում է, որ օպերատիվ կառավարման ղեկավարին հանդիպել է աստիճանների վրա ու հրահանգել բոլորին հավաքվել։

Ապրիլյան պատերազմի օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիշում է, որ զանգ է ստացել գլխավոր շտաբի պետից։

«Գաղտնի խոսակցական աղյուսակի միջոցով գլխավոր շտաբի պետը ինձ ներկայացրեց իրադրությունը։ Միանգամից գնացի այն վայրը, որտեղ գտնվում էր Զինված ուժերի ղեկավարությունը, և գլխավոր շտաբի պետը, որն ավելի վաղ արդեն գտնվում էր մարտական կառավարման կենտրոնում, ղեկավարում էր այդ գործողությունները, ինձ զեկուցեց իրադրության մասին»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա հավելում է, որ կապավորների միջոցով փորձել է կապ հաստատել Հանրապետության նախագահի հետ, որը գտնվում էր Հանրապետությունից դուրս։

«Ինձ ասացին, որ ինքն ինքնաթիռի մեջ է»,- նշեց նախկին պաշտպանության նախարարը։

Այդ ժամանակն է հիշում նաև Հանրապետության 3-րդ նախագահը։

«Փառք Աստծո, արդեն 2016թ. հնարավոր էր նաև ինքնաթիռից հեռախոսազրույց ունենալ։ Ինձ զեկուցեցին, որ ադրբեջանցիները ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի բանակի հյուսիսային և հարավային հատվածներում, որը միտում ունի վերածվելու լայնածավալ ռազմական գործողությունների։ Լևոն Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ արդեն գործողության մեջ է դրել պաշտպանական օպերացիայի պլանը»,- նշել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ այդ պահից սկսած` ինքը պարբերաբար տեղեկություններ էր ստանում, այդ թվում նաև ԼՂ նախագահ Բակո Սահակյանից։