Գլխավոր Հայաստան Անհամատեղելի առողջական վիճակի դեպքում կալանք չպիտի կիրառվի. նախարարը` Մանվել Գրիգորյանի մասին

Անհամատեղելի առողջական վիճակի դեպքում կալանք չպիտի կիրառվի. նախարարը` Մանվել Գրիգորյանի մասին

47
0

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դժվարանում է հասարակական ընկալման տեսակետից մեկնաբանել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, սակայն շեշտում է` կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակի դեպքում չպետք է նման միջոցներ կիրառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Ստեփանյանը նկատեց` Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունն այս անգամ կարծես թե չուղեկցվեց հասարակության մեջ բուռն բողոքի ալիքով, ու հետաքրքրվեց, թե, ըստ նախարարի, ինչով է դա պայմանավորված, արդյոք հասարակության վերաբերմունքը տրանսֆորմացվել և ավելի մեղմ է դարձել: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք Գրիգորյանի առողջական վիճակի մասին լուրերը համապատասխանում են մամուլում զետեղված լուրերին:

Ռուստամ Բադասյանը նշեց` տեղեկություն կար, որ առողջական խնդիրները խորացել են։ «Մեր տիրույթում չի եղել, եղել է առավել շատ իրավապահ մարմինների տիրույթում: Եվ նման որոշում է կայացվել, որ նման դեպքում կալանքի հետագա կրումը, ազատությունից զրկված վիճակը չի կարող որևէ նպատակ հետապնդել: Իսկ հասարակական ընկալման տեսանկյունից դժվարանում եմ մեկնաբանել, սակայն փաստ է, որ եթե անձը այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»,- ասաց Բադասյանը: