Գլխավոր Իրավական Աջափնյակի նախկին ղեկավարը՝ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում

Աջափնյակի նախկին ղեկավարը՝ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում

22
0

Այս տարի՝ փետրվարին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանն աշխատանքից ազատվեց:

Մամուլը գրեց, որ Բաբայանի ազատման պատճառը եղել է Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն տալն առանց թույլտվության։ Փաստը մամուլին հայտնի դարձավ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի տեսուչի շնորհիվ, որն էլ արձանագրել էր խախտումը, իսկ հետո Բաբայանի որոշմամբ ազատվել աշխատանքից: Երեւանի քաղաքապետարանը սույն գործով փաստերն ուղարկել էր ոստիկանություն: Այսօր Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Գեւորգ Բաբայանը, 2018 թ. նոյեմբերից մինչեւ 2020 թ. փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:

Վարչական շրջանի նախկին ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը կազմվել էր նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից՝ 2019 թ. սեպտեմբերի 26-ին Երեւան քաղաքի Նազարբեկյան փողոցում առանց համապատասխան շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց հետո եւ ներկայացվել իրեն,  չի ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Նա արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ նաեւ Երեւան քաղաքի Նազարբեկյան փողոցում իրականացվող ինքնակամ շինությունների վերաբերյալ եւ, օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում հիշյալ աշխատակցի կողմից 2019 թ. հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, Երեւանի քաղաքապետարան արձանագրությունը չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես աշխատակցի կողմից թույլ տրված անփութության արդյունքում իրեն հանձնված չլինելու հետեւանք:

Իսկ վերջինիս կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը կազմելուց շուրջ երկու ամիս անց` 2019 թ. դեկտեմբերին, փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթացը, ինչի արդյունքում ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության եւ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Նախաքննության ընթացքում Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: