Գլխավոր Արցախ Արկադի Տեր-Թադևոսյան, նույն ինքը՝ Կոմանդոս. շնորհավոր ծնունդդ, հերո՛ս (լուսանկարներ)

Արկադի Տեր-Թադևոսյան, նույն ինքը՝ Կոմանդոս. շնորհավոր ծնունդդ, հերո՛ս (լուսանկարներ)

41
0

Այսօր Արցախյան հերոսամարտի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմնադոսի ծննդյան օրն է։
«Ռազմական գործում մի հասկացություն կա` ռազմական գործողություններ իրականացնել փոքրաթիվ ուժերով: Դրա հիմնադիրը անգլիացի գնդապետ է` Կոմանդոս անունով: Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում: Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշին»,- մի առիթով ասել էր Արկադի Թադեւոսյանը, պարզաբանելով ինչպես է ստացել «Կոմանդոս» անունը։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Թբիլիսիում, ավարտել Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Երազանքը եղել է ծովային դառնալ, սակայն մերժվել է բուժհանձնաժողովի կողմից, և ստիպված ընդունվել է համազորային ուսումնարան։ Մինչև Հայաստան գալը ծառայել է Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բելոռուսիայում։ 1988 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ Իսկ 1990-ից դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ»։

1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվում է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության տակ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան: Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում Ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը:
«Ես ոչինչ չէի կարող անել առանց իմ զինվորների, հաղթանակը նրանք են կերտել». սրանք մեր համեստ ու հերոս գեներալի խոսքերն են, և մենք երջանիկ ենք, որ նրա ժամանակակիցն ենք։ Մեր սերունդներին կպատմենք նրա հերոսությունների, ՄԱՐԴ լինելու մասին՝ հպարտությամբ նշելով, որ տեսել ենք Կոմանդոսին։