Գլխավոր Հայաստան Արտակարգ դրությունը երկարացնելը ԱՆ-ի առաջարկությունն է լինելու. Արսեն Թորոսյան

Արտակարգ դրությունը երկարացնելը ԱՆ-ի առաջարկությունն է լինելու. Արսեն Թորոսյան

73
0

Կառավարության մամուլի կենտրոնում Արսեն Թորոսյանը ներածական խոսքից հետո պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին:

Բուժաշխատողների ֆինանսավորման մասով Արսեն Թորոսյանն ասաց, որ նրանց աշխատավարձի համար եղել են նվիրատվություններ, ինչի համար և շնորհակալություն հայտնեց:

Երկու ամսական երեխայի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին նախարարն ասաց, որ նրա վիճակը լավ է, ծանր վիճակում գտնվող երեխաների մասին տեղեկատվություն այս պահի դրությամբ չկա:

Արտակարգ դրությունը երկարացնելը ԱՆ-ի առաջարկությունն է լինելու՝ նշեց Արսեն Թորոսյանը:

Թեստավորման մասին նախարարն ասաց, որ մինչ օրս արվել է 6500 թեստ: Նախարարն անձամբ օնլայն հետևում է գործընթացին: Այսօրվանից թեստավորումը կավելանա՝ հասցնելով օրական մոտ 1000-ի: Նախարարը բացատրեց, որ վիրուսների թեստավորումը ամենաբարդ պրոցեսն է: «Մենք ունենք ընդամենը վեց լաբորատորիա և երկու մասնավոր լաբորատորիա, որոնք միացել են թեստավորման գործընթացին: Դա մատից արյուն վերցնել չէ, այլ երկարատև ու բարդ պրոցես է»,- ասաց նախարարը:

Նախարար Թորոսյանն ասաց, որ վիրուսի շրջանառությունն ինքնին կարող ենք տարածված համարել: Իրավիճակը տարբեր կերպ կարող ենք բնութագրել: Մենք կարող ենք համապատասխան բժշկական աջակցություն ցուցաբերել: Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադառնալ չի լինելու:

Արսեն Թորոսյանը հորդորեց հատկապես բարձր տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին հնարավորինս պահպանել անվտանգության կանոնները, ինչը շատ հաճախ կախված է երիտասարդներից:

Նախարարն ասաց, որ մեկուսացվածներին թեստավորում են վերջին տասնչորսերորդ օրը:

Արսեն Թորոսյանն ասաց, որ «Նորք» ինֆեկցիոն կենտրոնը մինչ նոր կառավարությունը եղել է ամենավատ պայմաններ ունեցող բուժհաստատությունը, իսկ այսօր պատկերը լրիվ այլ է, և այն ամենևին կապ չունի կորոնավիրուսի հետ:

Ըստ նախարարի՝ մեկուսացումն արդյունավետ միջոց է, քան ինքնամեկուսացումը: Բայց մեկուսացումը շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջությամբ կազմակերպել:

Արցախի առնչությամբ էլ նշեց, որ ԱՆ-ը մշտական կապի մեջ է Արցախի գործընկերների հետ: Սերտ աջակցություն կա կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ:

Վերանորոգված՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի մասին Արսեն Թորոսյանն ասաց, որ պետք եղած դեպքում կկիրառվեն նաև դրանք, որովհետև բարձրորակ սարքեր են:

ԱՆ Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով մահացածների դիահերձում չի արվել՝ ելնելով միջազգային փորձից: Եվ նույնիսկ մինչև օրենքով այս ամենը սահմանելը:

Օդի ջերմաստիճանի բարձրացումը կազդի վիրուսի տարածման տեմպերի վրա. նախարարն ասաց, որ դա չի վերանում ամռանը, բայց թվերը կարող են նվազել, ինչը հույս չէ վարակվի վերացման հարցում:

Փողոցում մարդաշատության վերաբերյալ նախարարն ասաց, որ զգոնությունը չպետք է կորցնել: Մարդկանց ակտիվության պատճառով հնարավոր է տեսնել վարակվածների աճ: Պետք է ազգովի ամեն ինչ անենք, որ տեմպերը հնարավորինս նվազեցնենք`օգտագործելով սեփական ներուժը:

Առողջապահության նախարարն ընդգծեց, որ արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է մեր հայրենակիցների վերադարձով, և վերջիններիս մեկուսացումը կազմակերպվում է անմիջապես օդանավակայանից:

Հայկ Մագոյան