Գլխավոր Արցախ «Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

60
0

Արցախը Հայաստան է, և վերջ։ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը, ստանձնելով իր պաշտոնը, ելույթի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ` կրկնելով դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։

2019–ին օգոստոսի 5-ին Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին հանդես էր եկել ծրագրային ելույթով և ասել, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությանը հաջորդել էր ադրբեջանական կողմի բուռն արձագանքը։ Փաշինյանը վերոնշյալ թեմայով խոսել էր Գերմանիայում` Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում` պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին։

«Երբ 28 տարի առաջ Արցախի համար կռիվ էինք տալիս, երազում էինք ունենալ միացյալ ու ազատ հայրենիք։ Այժմ նորանոր երազանքներին հասնելու ժամանակն է` մեծ երազանքների։ Ժամանակն է երազելու ու գործելու` ռազմական, տնտեսական հայրենիք կերտելու ուղղությամբ»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` խորհրդանշական է, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում` հաղթական մայիս ամսին։

Հարությունյանը հայտնեց նաև, որ մտադրություն կա Արցախի ԱԺ–ն տեղափոխել Շուշի և քայլեր կիրականացնեն այդ ուղղությամբ։

Արցախի նախագահն ասաց, որ մի քանի հիմնական սկզբունքներ կան, որոնք ընդգրկված են լինելու իր գործունեության սկզբում»։ Դրանցից առաջինը սահմանում է, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունը բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն։

Սկզբունքներից հաջորդն էլ այն է, որ միացյալ հայրենիքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ենթակա չէ որևէ վերապահման և սակարկման։ Հարությունյանի խոսքով` Արցախի բնակչության գլխին կախված սուրը պետք է համարել յաթաղան` ողջ հայության գլխին։ Նախագահն ասաց, որ պատրաստ են այդ յաթաղանը վերածել բահի, գրիչի, խաչի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սրի։

Հարությունյանը պատմեց` 1988-ի փետրվարի 13-ին իր մեծ եղբայրը` Սամվելը, իրեն հարցրել է, թե պատրա՞ստ է զոհվել հանուն հայրենիքի։ Հարությունը պատասխանել է` այո։

«Եղբայրս կատարեց իր երդումը, ես` դեռ ոչ»,–հուզված ձայնով ասաց Հարությունյանը։

Նշենք, որ արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։