Գլխավոր Իրավական Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (համատիրությունները) վճարումների մասին. պարզաբանում

Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (համատիրությունները) վճարումների մասին. պարզաբանում

36
0

AraratNews.am-ը բազմաթիվ նամակներ է ստացել ՀՀ քաղաքացիներից, որոնք ցանկանում են պարզել, թե ինչ եղանակով պետք է իրականացվեն բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմինների վճարումները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության
վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշեց.

«ՀՀ-ում կան բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմիններ, որոնց տեսակները երեքն են. համատիրություններ, լիազոր կառավարիչներ, հավատարմագրային կառավարիչներ»:

Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մինչև հիմա էլ բազմաբնակարանային շենքերի բնակիչների որոշ մասը կամ այն մասը, ովքեր ցանկացել են, այսպես ասած, առցանց են վճարել, քանի որ բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմինների շուրջ 99 տոկոսը բանկային հաշիվներ ունեն: Այսինքն բնակիչները կարողացել են հաշվեհամարը հավաքել և վճարել: Այս մեխանիզմը նախկինում էլ կար, և նմանատիպ եղանակով վճարումներ իրականացնողները (փոխանցման միջոցով) շատ են եղել:

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետը նշեց, որ ԱԺ-ն բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքի մեջ համապատասխան փոփոխությունն է արել, նոր կետ է ավելացրել, որով սահմանվում է, որ ամեն մի շենքի համար բացվելու է բանկային հաշիվ, որտեղ շենքի սեփականատերերը շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար գումարները պետք է մուծեն այդ հաշվեհամարին:

Հարություն Խաչատրյանը նկատեց, որ նախկինում վճարման երկու տարբերակներն էլ գործել են. կանխիկ և առցանց: Կանխիկն անձնագրերով մուծում էին տեղում՝ տվյալ համատիրության կառավարման մարմիններում՝ անդորրագիր ստանալու եղանակով, այլևս, ուրեմն, դա լինելու է միայն բանկային հաշվեհամարին փոխանցման ձևով:

Վճարումների կարգը դեռևս կառավարությունը չի հաստատել: Վճարման կարգի վերջնական տարբերակը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել է, շահագրգիռ կազմակերպությունները համապատասխան առաջարկություններն արել են, վերամշակված տարբերակն էլ մեկ անգամ ևս ներկայացվել է համապատասխան գերատեսչություններին:

«Կարծում եմ՝ առաջիկա, մոտ, սեղմ ժամկետում կընդունվի կառավարության որոշումը, որով սահմանված պարտադիր վճարումները բանկային հաշվի վրա վճարման եղանակով պետք է արվեն: Կառավարության որոշումով կարգը հաստատելուց հետո, արդեն որևէ մուծում մեր բնակիչները կանխիկ չեն կատարի իրենց շենքերի կառավարման մարմիններին»,-հավելեց Հարություն Խաչատրյանը:

Օլյա Շահինյան