Գլխավոր Հայաստան Բանակի ոչ մարտական մահերը կանխելու շատ պարզ և արդյունավետ լուծման առաջարկ ունեմ....

Բանակի ոչ մարտական մահերը կանխելու շատ պարզ և արդյունավետ լուծման առաջարկ ունեմ. Էդգար Առաքելյան

605
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բանակի ոչ մարտական մահերը կանխելու շատ պարզ և արդյունավետ լուծման առաջարկ ունեմ, որի նախաձեռնողն ու առաջ մղողը, իմ պատկերացմամբ, պետք է լինի խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը (եթե բանը դրան հասնի, նույնիսկ ի հեճուկս գործադիրի գործընկերների կարծիքի):

Հարկավոր է օրենսդրորեն ամրագրել, որ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող 2 տարվա ընթացքում 3-4 անգամ կարող է դիմում գրել զորամասը փոխելու խնդրանքով, և իր այդ դիմումն անմիջապես և առանց լրացուցիչ հարցերի, առանց որևէ քննության պետք է բավարարվի ղեկավարության կողմից:

Այսկերպ մենք հնարավորություն կտանք անելանելի հոգեբանական, ֆիզիկական կամ նյութական վիճակում հայտնված զինվորին խուսափել իր կարծիքով անխուսափելի ողբերգությունից՝ լինի դա սպանություն, ինքնասպանություն կամ որևէ այլ տիպի էական բռնություն:

Քանի որ ծառայակիցների ճնշումների կամ բռնությունների մասին սպայակազմին, իրավապահներին հայտնելը բանակում գերիշխող քրեական հակամշակույթի օրենքներով համարվում է «գործ տալ» կամ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հիշատակած 3 տառանոց երևույթը և ինքնին կարող է պարունակել նոր լրջագույն սպառնալիքներ տվյալ զինծառայողի համար, ապա նոր զորամաս տեղափոխումը պետք է կատարվի առանց որևէ հետաքննության և տուժածին լրացուցիչ վտանգների ենթարկելու:

Որպեսզի նոր զորամասում կանխակալ վերաբերմունք չլինի տեղափոխվածի նկատմամբ, հարկավոր է սրան զուգահեռ իրականացնել պարբերական ռոտացիաներ: Այսկերպ, սպանություն-ինքնասպանությունից կամ պարզապես անտանելի հոգեբանական ու ֆիզիկական բռնությունից «փախուստ տված» զինծառայողները չեն տարբերվի ռոտացիայի արդյունքում այլ զորամասում հայտնվածներից:

Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը «հրդեհաշիջման» միջոցառումներ կարող են լինել: Դրանք կյանքի կոչելուն ու կյանքեր փրկելուն զուգահեռ Խնդրի բուն պատճառներն է պետք չեզոքացնել: Ամբողջությամբ վերացնելուն չեմ հավատում, բայց անհաշտ պատերազմ հայտարարելով ու հետևողական անհանդուրժողականություն դրսևորելով՝ որոշակի հաջողություններ արձանագրել հնարավոր է»: