Գլխավոր Առողջապահություն Բժիշկները կօրհնվեն՝ իրենց հովանավոր Սուրբ Ղուկասի Աջով

Բժիշկները կօրհնվեն՝ իրենց հովանավոր Սուրբ Ղուկասի Աջով

17
0

Հունիսի 3-ին, ժամը 19:00-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը բժիշկների օրհնության կարգ է կատարելու։ Համաճարակի այս օրերին ամենակարեւոր, վտանգավոր ու անձնազոհ ծառայությունը կատարողներին Հայոց հայրապետն օրհնելու է Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքակիր Աջով։

«Ամենքին է հայտնի, որ համավարակի այս ծանր օրերում բժիշկներն անձնազոհաբար ծառայում են իրենց ազգակիցներին։ Մեր կյանքի ողջ ընթացքում ականատես ենք լինում բժիշկների ձեռամբ հրաշքների, որոնք մահկանացուներիս համար դառնում են նաեւ առ Աստված դարձի պատճառներ։ Մխիթարական է եւ քաջալերական, որ հենց այս իրավիճակում, Հայոց հայրապետի ջերմ փափագով, նրանք մասնավոր օրհնության են արժանանում»,- Մեդիամաքսին ասել է Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Բժիշկների եւ այս ասպարեզի բոլոր նվիրյալների օրհնություն առաջին անգամ է կատարվում, եւ պատահական չէ, որ այս կարգի համար Գանձատնից դուրս է բերվելու Սուրբ Ղուկասի մասունքակիր Աջը։ Նա համարվում է բժիշկների եւ նկարիչների հովանավոր, բարեխոս սուրբը։

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Ղուկաս Ավետարանիչը Հիսուսի աշակերտների երկրորդ խմբից՝ 72-ից մեկն էր։ Ծագումով հույն էր, մասնագիտությամբ՝ բժիշկ, օժտված էր նաեւ նկարչական ձիրքով։ Նա իր քարոզչական առաքելությունն իրականացրել է Պողոս առաքյալի հետ, այդ ընթացքում դարմանել նրա ցավերը, բուժել շատ հիվանդների։ Սուրբ Ղուկասը նահատակվել եւ ամփոփվել է Հունաստանի Թեբե քաղաքում, բայց բժշկությունները շարունակվել են նաեւ հետագայում՝ նրա սուրբ մասունքների ներգործությամբ:

4-րդ դարում Կոստանդիոս Բ կայսեր հրամանով՝ Սուրբ Ղուկասի մասունքները տեղափոխվել են Կոստանդնուպոլիս եւ ամփոփվել Սրբոց առաքելոց տաճարում։ Հավանաբար 8-րդ դարում այստեղից տարվել են Իտալիայի Պադովա քաղաքը՝ Սուրբ Հուստիանեի վանք:

Լուսանկարը` Biblioteca Apostolica Vaticana

«Միջին դարերում ու նաեւ XX դարի ընթացքում Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքներից հանձնվել են Պրահայի Մայր Տաճարին, Հունական ուղղափառ եկեղեցուն: Ըստ ազգային ավանդության՝ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքներից Հայաստան բերվել է դեռեւս 4-րդ  դարում: Վստահաբար, հետագա դարերում եւս Սրբի մասունքներից ընծայաբերվել են Հայոց եկեղեցուն: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունները տակավին շարունակվում են: Ավետարանչի մասունքներ ունեցող պատմական մեր սրբավայրերից հիշվում են Ձագավանքը, Սանահինը: Մայր Աթոռում պահվում է Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը, որն ամփոփված է աջ ձեռքի տեսքով մասունքարանում»,- նշում է հայր Ասողիկը:

Վերջին անգամ այս մասունքարանը դուրս է բերվել 2015 թվականին՝ Մյուռոնօրհնության առիթով:

Լուսավորչի սուրբ Աջը՝ համաճարակի դեմ

Մինչ այս էլ համավարակի օրերին դուրս են բերվել համաքրիստոնեական կարեւոր սրբություններ՝ Սուրբ Գեղարդը, Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որոնցով Վեհափառ հայրապետն օրհնել եւ աղոթել է հայ ժողովրդի բարօրության եւ անսասանության համար։

Բժիշկների օրհնության արարողությունը կարելի է դիտել հունիսի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջերում.

https://www.facebook.com/infoservicesofmothersee/

https://www.facebook.com/holyetchmiadzin:

Աղբյուրը՝ mediamax.am