Գլխավոր Լուրեր Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան անթույլատրելի է համարում ՀԲՖ-ի տարածած տեղեկությունը

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան անթույլատրելի է համարում ՀԲՖ-ի տարածած տեղեկությունը

127
0

Այսօր Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել այն մասին, որ Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի պատվիրակության կազմում կա կորոնավիրուսով վարակված: Դրան ի պատասխան՝ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ.«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների հիմքում:

news.am-ին և topsports.am-ին տված պատասխանում ֆեդերացիան հերթական սուտ տեղեկությունն է տարածել, որ իբր բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն են մեկնել պատվիրակության անդամ չհանդիսացող մարդիկ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ մրցավայր չի մեկնել: Հայաստանի պատվիրակության կազմում եղել են՝ 10 բռնցքամարտիկ, 2 մարզիչ, 1 բժիշկ և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ի դեպ, hենց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ու ՀԱՕԿ-ի կողմից տրված համատեղ հայտով է Հայաստանի պատվիրակությունը մասնակցել վարկանիշային մրցաշարին: Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիան որևէ կապ չի ունեցել Լոնդոն մեկնած պատվիրակության հետ, ուստի ՀԲՖ-ն ոչ բարոյական, ոչ էլ իրավական տեսանկյունից իրավունք չունի հայտարարություն տարածել Լոնդոն մեկնած բռնցքամարտի պատվիրակության վերաբերյալ, առավել ևս, եթե նման հայտարարություններն արգելվում են ՀՀ օրենքով»,- ասված է հայտարարության մեջ: