Գլխավոր Վերլուծական Գաղափարակից առաջնորդները. դեմոկրատիան այլընտրանք չունի

Գաղափարակից առաջնորդները. դեմոկրատիան այլընտրանք չունի

18
0

2018 թ-ի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները բոլոր մեթոդներով և եղանակներով փորձում են վարկաբեկել ժողովրդի մանդատը ստացած, լեգիտիմ իշխանությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Մեթոդներից մեկն էլ  իշխանության ներսում պառակտում մտցնելն է  հատկապես ղեկավար կազմում՝ առանցքային պաշտոններ զբաղեցնողների միջեւ: Հիշեցնենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրաժարականի լուրի հրապարակումն ու տարածումը, նրա եւ իր թիմակիցներից մեկի միջեւ վեճի մասին արդեն հերքված լուրերը: Կամ՝ ավելի վտանգավոր մի քայլ: «Ինքը լավն ա, թիմը վատն ա»: Սրանով էլ ցանկանում են թիմին հանել հեղափոխության առաջնորդի, երկրի ղեկավարի դեմ:

Երեկ, սակայն, ԱԺ-ում տեղի ունեցողն եկավ ապացուցելու հակառակը:  Ընդդիմադիրները բավական կառուցողական մթնոլորտում հարցեր էին ուղղում  կառավարությանը, երկրի վարչապետին, որն էլ հավասարակշռված պատասխանում էր:

Հարկ է հիշեցնել, որ երկրի զարգացումը, ժողովրդավարական արժեքների տարածումը, որոնք թավշյա հեղափոխության հիմքում են, կախված է ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր մարմնի ճիշտ աշխատանքից: Ուստի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքն այս դեպքում շատ կարևոր է:

Այս երկու տարիներին ԱԺ նախագահը ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի խորհրդարանն ու խորհրդարանի աշխատանքը: Կառուցողական, հավասարակշռված, այլ քաղաքական ուժերի տեսակետների, ինչու չէ նաև նախագծերի հանդեպ հանդուրժող, դրանք ընդունող, եթե բխում են միայն հանրային շահից: Ուշագրավ է նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, միջխորհրդարանական հանձնաժողովների ակտիվացումն ու տարբեր հարթակներում Հայաստանի շահը պահպանելը:

Արարատ Միրզոյանը, որը հեղափոխության առաջնորդի կողքին էր և նրա հետ հավասար կիսում էր ծանր առաքելությունը, հեղափոխությունից հետո շարունակեց մնալ Փաշինյանի ամենաառանցքային զինակիցը՝ զբաղեցնելով նախ առաջին փոխվարչապետի, այնուհետև ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը:

Եթե մի կողմ ենք դնում ներքին լսարանին ուղղված քաղաքական սև տեխնոլոգիաները, ստերի միջոցով կառուցված պատրանքները, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի թիկունքն ամուր է: Արարատ Միրզոյանն ու Փաշինյանը շարժվում են նույն ուղղությամբ: Դեմոկրատիան Հայաստանում այլընտրանք չունի: