Գլխավոր Հայաստան Գանդին դեմ էր Սևրի պայմանագրին, այլ ոչ թե Հայաստանի անկախացմանը․ փաստեր հնդիկ...

Գանդին դեմ էր Սևրի պայմանագրին, այլ ոչ թե Հայաստանի անկախացմանը․ փաստեր հնդիկ առաջնորդի մասին

105
0

Փաստերի ստուգման հարթակը գրում է`

Երևանի ավագանին ապրիլի 28-ին որոշում կայացրեց Աջափնյակ թաղամասում տեղադրել հնդիկ առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշարձանը:

Որոշումը ոչ միանշանակ արձագանք ունեցավ: Շատերը դեմ էին  արտահայտվում արձանի կանգնեցմանը՝ նշելով, որ նա եղել է Թուրքիայի բարեկամը և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Բուռն քննարկման արժանացավ նաև Գանդիի անձնական կյանքը, մասնավորապես՝ այն վկայությունները, ըստ որոնց՝ Հնդկաստանի առաջնորդը մերկ քնել է երիտասարդ աղջիկների հետ:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Գանդիին վերաբերող որոշ փաստաթղթեր՝ հասկանալու, թե արդյո՞ք Հայաստանում նրա մասին տարածվող պնդումները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ:

Ո՞վ էր Մահաթմա Գանդին

Մահաթմա Գանդին՝ Մոհանդաս Կարամչանդ Գանդին, իրավաբան էր, քաղաքական գործիչ, հասարակական ակտիվիստ և գրող: Նա բրիտանական գաղութարար քաղաքականության դեմ հնդիկ ժողովրդի տարած պայքարի առաջամարտիկներից էր: Գանդին ամբողջ աշխարհում հայտնի է  իր ուսմունքով, ըստ որի՝ ոչ բռնի պայքարի միջոցով է հնարավոր հասնել քաղաքական և հասարակական առաջընթացի:

Այդ խաղաղ պայքարի արդյունքում Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո սկսվեցին եռակողմ բանակցություններ Մեծ Բրիտանիայի կառավարության, Հնդկաստանի մուսուլմանական լիգայի առաջնորդ Մուհամմե Ալի Ջինայի և Հնդկաստանի ազգային կոնգրեսի միջև, որոնք ավարտվեցին երկու անկախ պետությունների՝ Հնդկաստանի և Պակիստանի ստեղծմամբ:

Գանդին բազմակարծության և բազմազանության կողմնակից էր: Նրա կյանքի նպատակը մուսուլմանական և հինդու համայնքների միավորումն էր: Երբ Պակիստանի ստեղծումից հետո սկսվում են ընդհարումներ մուսուլմանական և հինդու բնակիչների միջև, նա հացադուլ է սկսում՝ պահանջելով դադարեցնել բռնությունները: Գանդիի կտրուկ միջոցը սթափեցնում է քաղաքացիներին, և բախումներին վերջ է տրվում: Հացադուլից երեք օր անց հնդիկ ազգայնամոլները և գաղափարական հակառակորդները գնդակահարում են Գանդիին:

2007 թվականից ի վեր ամբողջ աշխարհում Գանդիի ծննդյան օրը նշվում է որպես բռնության դեմ պայքարի օր:

Գանդին և հայերը

Մուսուլմանների համար Օսմանյան կայսրությունը պանիսլամիզմի կրողն էր այդ տարիներին: Երբ Առաջին աշխարհամարտից հետո 1920 թվականին կնքվեց Սևրի պայմանագիրը, որով, որպես պատերազմի պարտվող կողմ, Թուրքիան զրկվում էր մի շարք տարածքների նկատմամբ վերահսկողությունից, Բրիտանական Հնդկաստանում մեծ հուզումներ սկսվեցին: Սկիզբ առավ Խալիֆայության աջակցման շարժումը:  Դրա ակտիվիստները հիմնականում երկրի մուսուլման բնակիչներն էին: Բանն այն է, որ ըստ Սևրի պայմանագրի՝ անկախություն էր ձեռք բերում ոչ միայն Հայաստանը, այլև արաբական մի շարք երկրներ․ Իրաքը, Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, որպես ենթամանդատային տարածքներ, հանձնվում էին Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային: Հնդկաստանի մուսուլման բնակչությունը դա դիտարկում էր որպես ոտնձգություն պանիսլամիզմի գաղափարի նկատմամբ: Քանի որ պայքարը Մեծ Բրիտանիայի դեմ էր նաև, Հնդկաստանի Ազգային լիգան նույնպես աջակցում էր շարժմանը: Մահաթմա Գանդիի համար սա հնարավորություն էր միավորելու երկրի մուսուլման և հինդու բնակչությանը: Սակայն իր «Միսթեր Էնդրյուսի դժվարությունը» (Mr. Andrew’s Difficulty) ակնարկի մեջ, որը հրապարակվել է 1920 թվականին «Երիտասարդ Հնդկաստան» պարբերականում, Գանդին բացահայտ նշում է, որ դեմ չէ հայերի և արաբների անկախացմանը. նա դեմ էր բրիտանական գաղութարար քաղաքականության երկակի ստանդարտներին:

«Եթե ես ճիշտ եմ հասկանում Իսլամի ոգին, այն հանրապետական է տերմինի ամենաճշմարիտ իմաստով: Հետևաբար՝ եթե Հայաստանը կամ արաբները ցանկանում են անկախանալ Թուրքիայից, նրանք պետք է ունենան այդ անկախությունը: … Ես քննարկում եմ հարցը ակադեմիական տեսանկյունից: Փաստն այն է, որ ո՛չ մուսուլմանները, ո՛չ հինդուները չեն հավատում անգլիական կառավարության խոսքին: Նրանք չեն հավատում, որ արաբները կամ հայերը ցանկանում են Թուրքիայից ամբողջական անկախացում: Այն, որ նրանք ցանկանում են ինքնակառավարում, կասկածից վեր է: Ոչ ոք չի վիճարկում սա: Բայց ոչ ոք դեռևս չի պարզել, թե արդյո՞ք հայերը և արաբները ցանկանում են կտրել բոլոր կապերը Թուրքիայից»,- գրել է Գանդին:

Ըստ Գանդիի՝ հիմնախնդրի լուծումը ոչ թե ակադեմիական կամ տեսական քննարկումներն էին, այլ հայերի և արաբների իրական ցանկության ուսումնասիրությունը, ինչից հետո պետք էր գալ մի կետի, երբ կբավարարվեին ազգային և կրոնական պատկանելիությունից ծագող ցանկությունները: Գանդին նաև անարդար էր համարում Թուրքիայից որոշ տարածքների խլումը և բրիտանական մանդատին հանձնելը՝ ռազմական ուժի աջակցության միջոցով.

«…Հետևաբար, բացի Հայաստանի և Արաբիայի հարցից, խաղաղության պայմաններն  աղտոտող անազնվությունը և կեղծավորությունը պետք է անհապաղ բացառվեն: Դա ճանապարհ է հարթում Հայաստանի և Արաբիայի անկախության համար, որին տեսականորեն ոչ ոք դեմ չէ և որը գործնականորեն կարող է հեշտորեն երաշխավորվել, եթե միայն մարդկանց ցանկությունները որոշակի մակարդակում հաստատվեն»,- գրել է Գանդին:

Այսպիսով, Գանդին տեսականորեն դեմ չէր Հայաստանի անկախությանը, սակայն նա դեմ էր, որ դա տեղի ունենար Համաշխարհային պատերազմի բանակցությունների արդյունքում, երբ երկու մեծ գաղութարար պետություններ, ինչպիսիք էին Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան, որոնց իշխանության տակ նույնպես կային անկախության մասին երազող ժողովուրդներ, պարտադրեին դա Թուրքիային: Ըստ Գանդիի՝ դա անազնիվ և երկերեսանի մոտեցում էր: Ավելին՝ Գանդին ինքը պայքարում էր սեփական ժողովրդի անկախության համար և դրան հասնելու լավագույն միջոցը համարում էր երկրի մուսուլման բնակչության հետ միավորվելը, ինչի համար նա պատրաստ էր աջակցել Խալիֆայության պահպանման աջակցության շարժմանը;

Գանդին և կանայք

Լայնորեն քննարկվում է նաև Գանդիի կենցաղը, մասնավորապես՝ այն տեղեկությունները, որ հնդիկ առաջնորդը կյանքի վերջին տարիներին քնել է դեռահաս աղջիկների հետ:

Իրականում, 1900-ականների սկզբին արդեն իսկ ամուսնացած և երեխաներ ունեցող Գանդին անցում է կատարում բրահմաչարյայի ուսմունքին, ինչը ենթադրում էր հրաժարում մարմնական ցանկություններից, այդ թվում՝ սեռական հարաբերություններից:

Կան, սակայն, հիշատակումներ, որ 1944 թվականից հետո, երբ մահանում է Գանդիի կինը, նա ժամանակ առ ժամանակ մերկ վիճակում քնում էր իր անձնական բժիշկ Սուշիլա Նարայի և հեռավոր բարեկամուհիներ Աբայի և Մանուի հետ, որոնք իրենից 60 տարով երիտասարդ էին: Սեռական հարաբերություն նրանց միջև տեղի չէր ունենում: Ըստ Գանդիի՝ եթե նա մերկ աղջիկների ներկայությամբ սեռական ցանկություն չունենար, կնշանակեր, որ նա հասել է բրահմաչարայի: Այդպիսով՝ նա կոփում էր իր կամքի ուժը և ինքնավերահսկողությունը:

Սակայն այս արարքը ոչ միանշանակ է ընդունվել անգամ ժամանակակիցների կողմից. նրա գրագիրն ու թարգմանիչը հեռացել էին նրանից այդ պատճառով: Այնուհանդերձ, ոչ մի բողոք չի հնչել Աբայի կամ Մանուի կողմից, որոնք մինչև Գանդիի կյանքի վերջին պահը եղել են նրա կողքին:

Այսպիսով, Մահաթմա Գանդին, ելնելով Բրիտանական Հնդկաստանում ստեղծված իրավիճակից, դեմ է եղել Սևրի պայմանագրին և Օսմանյան կայսրության մասնատմանը դրա շրջանակում, միևնույն ժամանակ՝ նա դեմ չէ եղել Հայաստանի անկախացմանը՝ կարևորելով հայերի կամարտահայտումը: