Գլխավոր Արցախ Գերմանիայի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի արել

Գերմանիայի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի արել

12
0

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որն աչքի է ընկնում ոչ հայանպաստ ձևակերպումներով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Info Check-ը:

Պատգամավորի խոսքերով՝ Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել՝ «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»:

Հայտնում ենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարաության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի տարածվել։

Խոսքն այստեղ գնում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում ճամփորդական խորհուրդների մասին, որտեղ նմանօրինակ խորհրդատվություններ առկա են եղել տարիներ, նույնիսկ՝ տասնամյակներ շարունակ։

Վերջին թարմացումը կատարվել է 2020 թվականի մայիսի 26-ին։ Այն վերաբերում է COVID-19-ի հետևանքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը և առկա սահմանափակումներին։