Գլխավոր Հայաստան Գիշերային ժամերին հրավառություն իրականացնողները ոստիկանության ուշադրության կենտրոնում են

Գիշերային ժամերին հրավառություն իրականացնողները ոստիկանության ուշադրության կենտրոնում են

20
0

Սահմանված ժամից ուշ հրավառության դեպքերը մարդկանց անհանգստության հիմնական պատճառներից են: Գիշերը հնչող հրավառության բարձր ձայները խախտում են մարդկանց անդորրը, ինչը օրենքով պատժելի է:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածում ասվում է.

«Լռության խախտումը գիշերը (ժամը 22-ից մինչեւ 6-ը), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացված հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից եւ այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում եւ բակերում, փողոցներում եւ այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում եւ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաեւ նման մյուս գործողություններն առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով եւ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով»:

Չնայած այն հանգամանքին, որ օրենքով սահմանված է, որ գիշերային ժամերին հրավառություն կազմակերպել չի կարելի, այնուամենայնիվ, հասարակական կարգը ժամանակ առ ժամանակ խախտվում է:

Մայրաքաղաքում վերջին շաբաթվա ընթացքում գիշերային ժամերին հրավառությունների հաճախակիության հարցով զրուցեցի ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանի հետ:

Վերջինս ասաց, որ ոստիկանությունը մշտապես վերահսկում է իրավիճակը:

Աշոտ Ահարոնյանը նաև նշեց, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում նման խախտումներն արձանագրելու և խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Հայկ Մագոյան