Գլխավոր Գյուղատնտեսություն Գյուղատնտեսական նոր շուկաների կառուցումը անհրաժեշտություն է

Գյուղատնտեսական նոր շուկաների կառուցումը անհրաժեշտություն է

38
0

Հովտաշեն համայնքի «Մեյմանդար» գյուղատնտեսական շուկայում տեղի ունեցածը ցույց տվեց, որ մեր երկրին անհրաժեշտ է ունենալ մեկ տասնյակի հաշվով նմանատիպ գյուղատնտեսական շուկաներ ինչպես երկրի հյուսիսային, այնպես էլ հարավային շրջաններում:

Ստորև կետ առ կետ կներկայացնենք նմանօրինակ շուկաների ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը գյուղացիական տնտեսությունների զարգացման, առևտրաշրջանառության մեծացման և շուկայական հարաբերությունների ձևավորման առնչությամբ:

Նախ՝ այն մասին, որ գյուղացին իր մթերքը կկարողանա իրացնել, եթե ունենա այլընտրանքային տարբերակներ:

«Մեյմանդարի» դեպքը ասվածի լավագույն օրինակն է: Պետությունը սահմանված կարգով փակեց շուկան: Ամեն ինչ օրինաչափ է և ճիշտ: Խախտվել էին պարետի որոշումները:

Հարցն ուսումնասիրելիս բախվում ենք շուկայում բերքն իրացնողների կողմից օրվա հացի խնդիրը լուծող գյուղացուն, որն իրավիճակից ելնելով դադարում է աշխատել, միևնույն ժամանակ փչանում է բերքը: Նման շուկաների առկայության դեպքում, բնականաբար, գյուղմթերքն իրացնողը հանգիստ կկարողանար վաճառքն իրականացնել մոտակա շուկաներում:

Հայաստանի հյուսիսային շրջաններում մեծ գյուղատնտեսական շուկաների կառուցումը հնարավորություն կտա մեր հարևան Վրաստանի հետ առևտրային շրջանառության մեծացման՝ խթանելով գյուղացիական տնտեսությունների ընդլայնմուն ու զարգացումը: Արտադրողը շատ ավելի կարճ ճանապարհով գյուղմթերքը կհասցնի շուկա, ինչն էլ կձևավորի ավելի մատչելի գին:

Եթե գյուղացին, օրինակ, մեկ տարվա կտրվածքով մշակում է մեկ տոննա լոլիկ, ապա պահանջարկ ունենալու դեպքում այս ցուցանիշը կմեծանա: Ինչն էլ իր հերթին կբերի գործազրկության թվի նվազման, արտահանման և ներկրման տեմպերի աճի, գյուղմթերքի շուկայում զարգացման հեռանկարների:

Այս օրինակը կարող ենք բերել նաև երկրի հարավային շրջանների համար: Մեղրիում ու Կապանում նույնպես հնարավոր կլինի զարգացնել և դրական արդյունք գրանցել` համագործակցելով Իրանի մեր գործընկերների հետ:

Եվս մեկ դիտարկում. ինչքան շատ լինեն մեծ գյուղատնտեսական շուկաները, այնքան առևտրաշրջանառությունը մեծ կլինի: Կստեղծվի առողջ մրցակցային մթնոլորտ, նոր հնարավորություններ ինչպես գյուղմթերք արտադրողների, այնպես էլ սպառողների համար:

Այնպես որ՝ գյուղատնտեսական նոր շուկաների կառուցումը անհրաժեշտություն է:

Հայկ Մագոյան