Գլխավոր Իրավական Գողացված անձնագրի տերը՝ բանկերի «սև ցուցակում»

Գողացված անձնագրի տերը՝ բանկերի «սև ցուցակում»

32
0

2019-ի նոյեմբերին երևանյան տաքսիներից մեկում Խաչատուր Միքայելյանը թողել է իր անձնագիրը, որից հետո պարզել է, որ այն վերցրած վարորդն իր անունով տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում վարորդը ձևակերպել է մոտ 2.5 մլն դրամի վարկեր: Ինչպես հայտնել է տուժած քաղաքացին, իր անձնագրով ապօրինի գործարքներ իրականացրածը դեռ ազատության մեջ է, իսկ ինքը հայտնվել է բանկի «սև ցուցակում»:

Ինչպես գրում է panarmenian.net-ը, 2019-ի նոյեմբերի 14-ին Խաչատուր Միքայելյանը նշված տաքսիում կորցրել էր պայուսակը, որի մեջ եղել են ID քարտ, զինգրքույկ, 300,000 դրամ, քարտեր։ Ոստիկանությունում հայտարարություն տալուց մեկ օր անց Խաչատուրի ընկերը նրան հայտնել է, որ բանկերից մեկում իր անձնագրով գործարք են փորձել կատարել: Անձնագիրը կորցնելուց հետո 20 օրվա ընթացքում քաղաքացու անունից կատարվել էր մի քանի վարկային հարցում, ձևակերպվել էին մոտ 2.5 մլն դրամի վարկեր։ Մինչ ոստիկանությունը չէր կարողանում գտնել ու բերման ենթարկել տաքսիստին, Միքայելյանն ինքն էր որոնում տաքսիստին, պարզում իր անունից վարկեր վերցնել պարզելու մանրամասներն ու տաքսիստի այլ քայլերը

Գործը դեռ քննվում է Քննչական կոմիտեում, իսկ Միքայելյանը հայտնվել է Evocabank-ի և Varks.am-ի «սև ցուցակներում»՝ որպես վարկի մարումը «140 օրով ուշացրած» քաղաքացի:

«Այս առավոտյան եմ խոսել քննիչի հետ, ասում է, որ բանկերից փաստաթղթերի է սպասում: Իսկ բանկից ինձ ասացին, որ այս տիպի գործերի միջին վիճակագրական ժամկետը 1 տարի 3 ամիս է, պարզվում է` այսպիսի շատ գործեր կան (խարդախության և ուրիշի անձնագրով վարկեր ձևակերպելու դեպքեր — խմբ.)», — նշում է տուժածը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից` տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Միքայելյանի խոսքով՝ գործի ընթացքին որոշ չափով օգնում են ԶԼՄ-ներում հրապարակումները, այդպիսի հերթական անդրադարձից հետո նրան պատասխանեցին բանկից և համաձայնվեցին սառեցնել վարկը մինչև գործով դատավճիռ լինի:

«Բայց դա ինձ արդեն օգուտ չի տալիս, որովհետև «սև ցուցակը» միևնույն է՝ մնում է», — նշում է Միքայելյանը:

Այս պահի դրությամբ նրա անունով ձևակերպված 7 վարկից 3-ն ամբողջությամբ մարվել են, 2.5 մլն դրամից մնացել է մոտ 1.4 մլն դրամի վարկ, որից 1 մլն դրամ՝ Evocabank-ում, 96 հազար դրամը՝ «Յունիբանկում», 100 հազար դրամը՝ Varks.am-ում, 150 հազար դրամը՝ Mogo.am-ում:

Հարցին, թե ինչպես է վարորդին հաջողվել այդպիսի մեծ վարկ ձևակերպել բանկերից մեկում ուրիշի անունով, Միքայելյանը պատասխանել է, որ վարկն առցանց է ձևակերպվել:

«Օնլայն գրանցվել է, քարտ է պատվիրել, հետո առաքիչը բերել է այն, և վարկն արդեն քարտով է ստացել», — պատմել է տուժողը:

Միքայելյանն արդեն հույս չունի, որ հարցը շուտ կլուծվի, վարորդն էլ կստանա իր պատիժը: Թեև այժմ երիտասարդը ստիպված չէ վճարել ուրիշի կողմից իր անունով վերցված վարկերը, «սև ցուցակում» հայտնվելու պատճառով չի կարողանում ինքն իր համար վարկ ձևակերպել:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում