Գլխավոր #Գործիցդուրս «#ԳործիցԴուրս»` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է. Ապրված և ապրեցնող սեր փնտրողները չեն հուսախաբվի

«#ԳործիցԴուրս»` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է. Ապրված և ապրեցնող սեր փնտրողները չեն հուսախաբվի

136
0

Գործից դուրս՝ անցնում է գործի: Մարդու սահմանած աշխատանքային ռեժիմը որոշակի ժամանակահատված ունի, բայց Աստծո սահմանածը դուրս է մեր պատկերացումներից: Բանաստեղծությունը կեսգիշերից հետո էլ արթնացնում, ստիպում է իրեն արարել, ու հետո միայն մոտենալ երազների դարպասներին:

Դուք մեր ժամանակի սիրված պոետներից եք, Ձեր ստեղծագործությունները հայտնի են շատերիս։ Միայն տաղանդը բավակա՞ն է, որպեսզի գրողը կարողանա կերտել իր ճանապարհը։

Շնորհակալ եմ Ձեր գնահատանքից: Աշխարհի առաջ վախեցած հայացքներ կան, որ գնում, չափվում ու փուլ են գալիս այլազգի հեղինակների ոտքերի առաջ՝ վեհերոտ գրի իրենց արշինով են չափվում էդ ողորմելիները: Դրանք մարդու էն տեսակն են, որ հա՛մ ապրելուց են վախենում, հա՛մ մեռնելուց: Բախտավորություն է, որ ունենք աստվածային մեծություններ, որոնք չեն թողնում ծուռվիզ կանգնենք աշխարհի առաջ: Անսպառություն է Թումանյանը: Հանճարի իր շնչով ժամանակն այնպես է սանձվել, որ կորցրել է նախնական իմաստը: Շուրջ մեկ դար ֆիզիկապես հեռանալուց հետո էլ, շարունակում է՝ լույսի, բարության, իմաստության մարդապահպան ավիշը ներարկել ամենքիս: Իսկ այդ խեղճուկրակ ժամանակը վիթխարի ալիքներով գալիս, մեր հսկայի ոգեղեն պարիսպների առաջ փշրվում և հետ է քաշվում խեղճացած: Տաղանդն, իհարկե, անհրաժեշտ է, բայց համառությամբ ու աշխատասիրությամբ պիտի կարողանաս ներսիցդ դուրս հանես Աստծո շռայլությամբ քեզ բաժին տրվածը:

Նկատենք, որ այսօր գրականության ասպարեզում ահագին աղբ է կուտակվել։ Պետք է նշեմ, որ այստեղ էլ, ռաբիս երաժշտության նման, քիչ չեն անորակությունը գնահատողները։ Դուք, որպես պոետ, ի՞նչ մտահոգություններ ունեք այս խնդրի վերաբերյալ և ինչպե՞ս լուծել այն։

Չեմ նախանձում այսօրվա ընթերցողին: Ամենաթողություն է, և, առանց պետական առողջ միջամտության, որևէ կերպ հնարավոր չէ այն կարգավորել: Հրատարկիչները որոշ գրականագետիկների հետ փորձում են բիզնեսի վերածել գրական դաշտը: Ախմախությունն այսօր պահանջված է ստվար մոլորյալների կողմից, և նրանք խմբովի փառաբանում են այն: Մինչդեռ, մեզ բախտ վիճակվեց վերջին շրջանի աշխարհի մեծագույն գրողի` Հրանտ Մաթևոսյանի թողած թանձր սիրո ժառանգորդը լինել: Հեռուստաեթերը, բեմը, էկրանը, գրադարակները պիտի հեղեղված լինեին իր գրի կենսավատ շնչով: Բայց ի՞նչ եմ ասում` նրա թանգարանի կառուցումը տարիներ շարունակ անավարտ ենք թողնում, և պետության ոտքերի շուրջ սողսողացող հրատարակիչն օրումեջ նոր «հանճաների» ծնունդն է շեփորում՝ գորշ միջակության կապոցները պետական միջոցների հաշվին ցփնելով Հայոց գրադարաններով մեկ: Հետո էլ հպարտ վիճակագրություն են բանեցնում` էսքան միլիոններ տրամադրեցին ժամանակակից գրականության պրոպագանդմանը: Ահա, սա է մեր իրականությունը`ճահճի մեջ խլվլացող գորտերի ճվճվոցներով:

Լսել եմ, որ ժամանակին գրելու և գրող համարվելու համար բավականին բարդ ու երկար ճանապարհ պետք է անցնեիր։ Չե՞ք կարծում, որ այնուամենայնիվ, վերահսկողությունը թույլ է։ Չէ որ գրականության դերը մեր կյանքում չափազանց կարևոր է։

Մյուս ծայրահեղության մեջ էին: Ես ազատության կողմնակիցն եմ, և եթե ճիշտ քաղաքականություն վարենք, ապա արդյունքն ակնհայտ կլինի, և ընթերցողը մոլորված հայացքով չի կանգնի գրքերի բազմության առաջ: Մակունցի հետ հանդիպմանը, երբ նա մշակույթի նախարարն էր, ես ներակայացրեցի իմ ծրագիրը, և իր կողմից առաջարկ եղավ սփյուռքի նախարարությունն էլ ներառել այդ ծրագրի մեջ, այն է` ստեղծել «Վերնատուն» մատենաշարը և ժամանակակից գրականության բազմահատոր ընտրանին հասցնել մոլորակով մեկ սփռված մեր գաղթօջախներին` լեզվի պահպանման հետ մեկտեղ, գեղագիտական նոր ընկալումների հաղորդակից դարձնելով ընթերցողին: Այդ նախարարությունները տրոհվեցին կամ վերացան, բայց եթե կառավարությունը ցանկություն ունենա, կարող ենք կյանքի կոչել այս ծրագիրը:

Հիմա երկրում արտակարգ դրություն է, բոլորը մեկուսացել են։ Սոցիալական մեդիան անընդհատ պրոպագանդում է ընթերցանությունը։ Ժամանակակից գրողներից ում խորհուրդ կտաք կարդալ։

Ապրող գրողներն այս կամ այն կերպ ներկայացնում են իրենց: Կուզեի` կյանքից հեռացած մեր տաղանդավոր ընկերների ստեղծած արժեքներին հաղորդվեն` Ռաֆայել Նահապետյան, Աշոտ Ավդալյան, Լևոն Խեչոյան, Հրաչյա Բեյլերյան, Սիփան Շիրազ…

Ձեր ստեղծագործություններն ինչպե՞ս են ծնվում։ Ի՞նչ հոգեվիճակում եք լինում այդ ժամանակ։

Ավելի երիտասարդ շրջանում միայն գիշերներն էի գրում։ Երկու գիշեր անընդմեջ արթուն եմ մնացել: Բանաստեղծությունն ինքն է ինձ գտնում, ես իր հետևից չեմ գնացել: Առաջին 5-6 գրքերս անգիր գիտեի, դրանից հետո հիշողությունս ազատ անկյուններ այլևս չունի: Երբ ստեղծածս սրտովս է լինում, կարծես աշխարհի տերն եմ ու մոլորակն իմ ապահով գրկում է պտտվում:

Ձեր ավագ որդին ՝ Վաչագանը, նույնպես ստեղծագործում է։ Դուք, որպես գրող, հավանո՞ւմ եք նրա գործերը։ Կարծիքների ու գրական ճաշակների բախում լինո՞ւմ է։

Վաչագանը վաղուց էր գրում: Հետաքրքիր, թարմ պատկերային մտածողություն ուներ: Չէի խրախուսում և չէի ուզում այս դժվար ճանապարհին կանգներ: Իր վերջին գործերը կարդացել եմ տպագրելուց հետո միայն: Գրքի ընթացքից ընդհանրապես տեղյակ չէի: Տեսա, որ չի վախենում իր ժամանակի մեջ խոսք ասելուց, չի փախչում կեղծ ապրումների մեջ ընթերցող մոլորեցնելու և ամենակարևորը` առողջ է իր զգացածի ու արարման մեջ:

Քանի որ խոսեցինք Վաչագանի մասին, չեմ կարող չանդրադառնալ նաև Ձեր կրտսեր որդուն՝ Արամին, որը մասնակցել է ապրիլյան պատերազմին ու մեդալով վերադարձել։ Ձեր որդիներն իրենք են կերտում իրենց ճանապարհը։ Ի՞նչ խորհուրդներ կան, որ հաճախ եք տալիս նրանց։

Կյանքիս ամենատագնապալի օրերն էին: Չկարողացանք այնպիսի երկիր ստեղծել, որի սահմաններին մոտենալու համարձակություն թշնամին երբեք չունենա: Մինչդեռ, մեր միասնականությունը, մեր ուժի և կարողության կենտրոնացումը կարող էր նախապայման լինել: Տղաներս արդեն հասուն տղամարդ են: Փորձում եմ չխառնվել իրենց բանուգործին: Միայն երբեմն հիշեցնում եմ, որ իմ պապ դառնալու ժամանակն է արդեն:

Եվ վերջում, գրականասեր հասարակությունն ի՞նչ սպասի Խաչիկ Մանուկյանից առաջիկայում։

Ես տաք մարդ եմ, և նոր գրքիս մեջ, որը շուտով լույս կտեսնի, ապրված և ապրեցնող սեր փնտրողները չեն հուսախաբվի:

Հայկ Մագոյան