Գլխավոր #Գործիցդուրս «#ԳործիցԴուրս»` Գոռ Սուջյանն է. Պետք է լինել կոչմանդ հավատարիմ և ամեն...

«#ԳործիցԴուրս»` Գոռ Սուջյանն է. Պետք է լինել կոչմանդ հավատարիմ և ամեն ինչ անել սիրով և անկեղծությամբ

57
0

Գործից դուրս էլ գործով է զբաղված: Երաժշտությունը լայն հասկացություն է: Անընդհատ փորձում է աշխատել իր վրա` նվագելու, երգելու, ստեղծագործելու ուղղություններով:

Ձեր մատուցած երաժշտությունը տարբերվում է թե իր յուրօրինակ ոճով, թե ճաշակով: Որտեղի՞ց է գալիս այս բնությունը, որքան գիտեմ՝ երաժշտական կրթություն չունեք:

Շնորհակալ եմ շատ: Բնությունը Աստծո պարգևն է: Այո, երաժշտական կրթություն չունեմ` ինքնուս եմ, բայց փորձում եմ ավելի հմտանալ մասնագիտությանս մեջ:

Վերջերս մի հաղորդման ժամանակ ասացիք, որ այս օրերին սոլֆեջիո եք սովորում` նոտաներ, ինչպե՞ս եք գրում երաժշտություն առանց նոտաների:
Երաժշտությունը ծնվում է իմ հոգում: Հետո վերարտադրում եմ այն կիթառով կամ դաշնամուրով :
Ձեր երգերը հիմնականում սոուլ ոճի էին, սակայն վերջին շրջանում Ձեր երգացանկը համալրվեց նաեւ հայ դասականների ստեղծագործություններով, ինչը, կարծում եմ, էլ ավելի մեծացրեց Ձեր երկրպագուների բանակը։ Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը «Project LA»-ի հետ:
 
Առհասարակ չեմ սիրում ժանրավորել իմ արվեստը: Գուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես մտածում եմ, որ ընտրելով որևէ ժանր` ինքս ինձ կսահմանափակեմ: Ես սկսել եմ ռոքից, ապա փորձել եմ ինձ տարբեր ժանրերում՝ մինչև գտնեմ իմը:
Համագործակցությունը «Project LA»-ի հետ սկսվել է 2015 թվականից: Էդգար Ալլան Պոյի «I Dream Within a Dream» ստեղծագործության համար Լևոն Արևշատյանը գրեց երաժշտություն, որն էլ դարձավ մեր առաջին համատեղ աշխատանքը: Երբ առաջարկը ստացա, անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ հանդիսատեսը այսքան կգնահատի, ու սիրի մեր աշխատանքը:
Շնորհակալ եմ «Project LA»-ի հեղինակ Լևոն Արևշատյանին նման գաղափարի և երգերի համար: Պետք է ասեմ, որ թիմի բոլոր անդամներին հենց սկզբից սիրեցի և մեծ հաճույքով եմ աշխատում նրանց հետ:

Դուք մատուցում եք որակյալ երաժշտություն և կարողանում եք դահլիճներ լցնել: Ձեզ լսում են ամենատարբեր տարիքի մարդիկ: Երգերը ինչպե՞ս են ստեղծվում։ Եվ ո՞վ է Ձեր առաջին քննադատը:

Շնորհակալ եմ լավ խոսքերի համար: Թե ինչպես են ստեղծվում «Project LA»-ի երգերը, կարծում եմ, հարցին ամենասպառիչ պատասխանը կտա հեղինակը` Լևոն Արևշատյանը: Իսկ ինչ վերաբերում է իմ հեղինակային երգերին, ապա պետք է ասեմ, որ կոնկրետ բանաձև չունեմ` կախված է իրավիճակից: Մեղեդիներ կան, որ լսել եմ երազում, մեղեդիներ էլ կան, որ ամենատարբեր հոգեվիճակներում են ծնվել: Ցանկացած հոգեվիճակի մեջ մեղեդի կա: Իմ ամենամեծ քննադատը առաջին հերթին ես եմ, հետո` կինս:

Ունե՞ք Ձեր որդուն ու կնոջը նվիրված գործեր։

Այո, կան նման ստեղծագործություններ: Տղայիս ծննդյան օրը երազիս մեջ եմ լսել երգը: Երգացանկիս «Happy Birthday» ստեղծագործությունը որդուս է նվիրված, իսկ մնացած բոլոր երգերս` կնոջս:

Դուք հանրությանը հայտնի դարձաք հատկապես «Դորիանս» խմբով: Հնարավո՞ր է՝ մի օր խումբը կրկին ներկայանա հանրությանը:

Հնարավոր է: Ես կցանկանամ, որ մի օր կրկին նվագենք միասին:

 
Երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ բավականին ազատ ժամանակ կար: Հանդիսատեսը կարո՞ղ է ակնկալել նոր ստեղծագործություններ:
 
Այո, կլինեն նոր երգեր թե «Project LA»-ի հետ, թե անհատական:
 
Խոսեցինք նոր ստեղծագործությունների մասին: Ի՞նչ պլաններ կան: Ի՞նչ նոր գաղափարներ, ծրագրեր ունի Գոռ Սուջյանը:
 
Այս պահին ինչ-որ բան ծրագրելը դժվար է, քանի որ աշխարհը կանգ է առել անորոշ ժամանակով:

Լուսանկարները` Գոռ Սուջյանի ֆեյսբուքյան էջից:

Հայկ Մագոյան