Գլխավոր #Գործիցդուրս «#ԳործիցԴուրս»` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է. Երբեք չես իմանա, թե...

«#ԳործիցԴուրս»` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է. Երբեք չես իմանա, թե վաղվա օրն ինչ մարտահրավերներ կնետի

184
0

Գործից դուրս հիմնականում տանն է լինում, զբաղվում է երեխաների դասերով: Ժամանակ առ ժամանակ տարբեր դասընթացների է հաճախում, որոշ գիտելիքներ  է փորձում կատարելագործել: Հոգ  է տանում ընտանիքի մասին: Գործից դուրս էլ անընդհատ պատասխանում է քաղաքացիների հեռախոսազանգերին, մտածում` ինչպես օգնել, ում դիմել, ինչ անել և այլն։

Ռադիո, հեռուստատեսություն, քաղաքականություն՝ այնուամենայնիվ ո՞րն է ամենահարազատ հարթակը Ձեզ համար։

Դրանցից յուրաքանչյուրն ընկալել, ընդունել եմ յուրովի, երբեք իրար հետ չեմ համեմատել ու նվիրվել եմ և՛ ռադիոյին, և՛ հեռուստատեսությանը, և՛ քաղաքականությանը։ Եթե որևէ բան ինձ հարազատ չի լինում, դրա վրա ես ոչ մի դեպքում երկար կանգ չեմ առնում։

Թեպետ հասարակական հնչեղություն ունեցող խնդիրները միշտ էլ Ձեր ուշադրության կենտրոնում են եղել, այնուամենայնիվ, ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը քաղաքականություն։

Մուտքը քաղաքականություն եղել է սահուն և կանխատեսելի, ինձ ճանաչող որևէ մարդ չզարմացավ այդ անցման կապակցությամբ։



Ամեն դեպքում՝ Դուք ճանաչված հաղորդավարուհի եք եղել։ Չե՞ք կարոտում տաղավարը, լույսերը, տեսախցիկը։

Երբեմն կարոտում եմ, հատկապես, երբ պատահաբար որևէ տեղ երաժշտություն է միանում, կարծում եմ` ժամանակի ընթացքում այդ կարոտը աստիճանաբար կուժգնանա, այդ ժամանակ կսկսեմ մտածել, թե ինչ անել ։ Վստահ եմ, որ նույնկերպ, ոչ ոք չի զարմանա, եթե մի օր վերադառնամ լուսավոր տաղավար։

 Դուք կին եք, այսօր ըստ Ձեզ, կնոջ իրավունքները որքանո՞վ են պաշտպանված։

Կանանց իրավունքները մեր երկրում պաշտպանության լուրջ կարիք ունեն, կանայք էլ շատ անելիք ունեն իրենց խնդիրները վեր հանելու և դրանց լուծումներ գտնելու հարցում։ Կանայք թիրախավորվում են բոլոր ոլորտներում, մեծ ճիգեր և երկար ժամանակ կպահանջվի բոլորի համար հավասար իրավունքների ընկալումն արմատավորելու համար։

Երբ դարձաք պատգամավոր՝ քիչ չէին Ձեզ հասցեագրված քննադատական խոսքերը։ Ինչնպե՞ս եք վերաբերվում առհասարակ քննադատությանը։

Նախ փորձենք տարբերակել քննադատությունն ու վիրավորանքը։

Քննադատություններին շատ լուրջ եմ վերաբերվում, միշտ կարիք ունեմ քննադատությունների, դրանք օգնում են շատ բաներ վերանայել, կատարելագործվել։ Ցավոք, քննադատությունների գրեթե չեմ հանդիպում կամ՝ ծայրաստիճան հազվադեպ, հիմնականում բամբասանքներ, վիրավորանքներ են հնչում, մեծ մասամբ` անհիմն, դրանք միտում ունեն միայն քեզ ցավեցնելու, իսկ թե ինչու է դա արվում, դրա բացատրությունը ձեզ կտա ցանկացած հոգեբան. նման երևույթների քանակն ուղիղ համեմատական է տվյալ մարդու հայտնի լինելու աստիճանին, հետևաբար` դա առանձնապես ոչինչ չի նշանակում. որքան վիրավորանք է լինում, մի 10, 100 անգամ ավելի դրվատանք է լինում։ Այլ բան է, երբ լինում է միայն քննադատություն կամ ավելի շատ քննադատություն, քան գովեստ, դա, իհարկե, մտածելու տեղիք պետք է տա։ Եվ շատ կարևոր է, թե ով է քեզ քննադատողը։ Մի խոսքով` դա մի ամբողջ ուսումնասիրման, մոնիթորինգի թեմա է, որին կա՛մ հարկավոր է ուշի-ուշով հետևել, կա՛մ լսել խղճիդ ձայնն ու գլուխդ կախ աշխատել. ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը։ Մնացած ամեն բան արդեն ցույց կտա ժամանակը։ Եթե գոնե մեկ լավ բան էլ կարողանամ անել, ուրեմն իզուր չի լինի այս ամենը, իսկ եթե հետևեմ կարծիքներին, արդյունքում ոչ մի էական բան չեմ անի, որպեսզի հանկարծ չարժանանամ քննադատության։

Տարբերվո՞ւմ են արդյոք հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի եւ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի մտահոգությունները։

Մտահոգությունները նույնն են, խնդիրներն էլ դեռ շատ չեն փոխվել, տարբերությունն այն է, որ նախկինում կարող էի խնդիրը բարձրացնել, պայքարել, որ տեղ հասնի, հիմա պարտավոր եմ դրա փոխարեն լուծումներ գտնել, պայքարել, որ արդյունք լինի։

 Երկրում արտակարգ դրություն է։ Երեխաները հիմնականում տանն են։ Ժամանակ գտնո՞ւմ եք նրանց հետ զբաղվելու, միասին ֆիլմեր դիտելու համար։ Եվ ընդհանրապես, այս օրերին ինչո՞վ են զբաղվում Ձեր փոքրիկները, ի՞նչ խորհուրդ կտայիք մյուս մայրիկներին։

Քանի որ առանց արտակարգ դրության, միշտ էլ աշխատանքից դուրս ես տանն եմ` երեխաների հետ, առանձնապես մեծ տարբերություն չեմ զգում. իմ երեխաներն արդեն փոքր չեն, մեծ տղաներ են: Միասին զրուցում ենք, ֆիլմեր ենք դիտում` ինչպես միշտ։

Մայրիկներն առանձնապես խորհրդի կարիք չեն զգում, իրենք միշտ գիտեն, թե ինչ է հարկավոր իրենց երեխաներին. իսկ նրանց հարկավոր է միայն անսահման սիրել ու հոգ տանել նրանց մասին։

Ընտանիքում ինչպիսի՞ն է Լուսինե Բադալյանը։ Նույնքան վճռակա՞ն, ինչպես ԱԺ ամբիոնի մոտ, թե՞ …

Տանը ես ավելի շատ փափուկ եմ, հանգիստ, հոգատար, մեղմ և ուրախ:

Եթե մի օր դադարեք քաղաքականությամբ զբաղվել, կվերադառնա՞ք տուն՝ ռադիո կամ հեռուստատեսություն։

Իրականում ես չգիտեմ, թե դա երբ կլինի և ինչպես։ Ես իմ որոշումներում երբեմն անկանխատեսելի եմ նույնիսկ ինքս ինձ համար։ Գուցե դա հենց վաղը լինի, գուցե` տարիներ անց։ Ամենայն հավանականությամբ հետ վերադառնամ, հնարավոր է ընդահանրապես այլ ուղղություն նախընտրեմ, երբեք չես իմանա, թե վաղվա օրն ինչ մարտահրավերներ կնետի, ինչ խնդիրներ կառաջադրի։ Բոլոր դեպքերում ես միշտ լսում եմ սրտիս ձայնը և չեմ անի այն, ինչն ինձ հաճելի և հետաքրքիր չէ, օգտակար չէ մյուսներին ։

Եվ վերջում ՝ Ձեր մաղթանքը հայ կանանց։

 Կանանց մաղթում եմ սեր և երջանկություն, հարատև երիտասարդություն և գեղեցկություն` շուրջը, ներսում և դրսում, առողջություն, ուժ և համբերություն:

Հարցազրույցը վարեց Հայկ Մագոյանը