Գլխավոր #Գործիցդուրս Գործից դուրս`ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող, փոխգնդապետ Գայանե Պողոսյանն է

Գործից դուրս`ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող, փոխգնդապետ Գայանե Պողոսյանն է

276
0

Կարծր բանակի թավշե հմայքը

Գործից դուրս սիրում է կարդալ հայտնի գրականգետների վերլուծությունները, հատկապես արտասահմանյան արձակի վերաբերյալ, նայել գեղասահք ու ծաղիկներ աճեցնել:

 
Դուք բարձրաստիճան կին զինվորական եք։ Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր կերպարը կարծրատիպեր է կոտրել։
 
Բանակում կանայք պատմություն ունեն, կերպարներ, ավանդույթներ, դիմագիծ, ու այսօր կարծրատիպերի մասին խոսակցությունը փոքր-ինչ ժամանակավրեպ է: Այսօր կանայք զինվորական ստորաբաժանումներ են ղեկավարում զորքերում, պաշտպանության նախարարությունում նույնպես ամեն քայլափոխի կարող ես հանդիպել համազգեստով կանանց: Նրանց ներկայությունը թավշե հմայք է հաղորդում բանակի կարծր կերպարին՝ բացարձակապես չնվազեցնելով նրա հերոսականությունը, ամրությունն ու ուժը: Ինչ վերաբերում է ինձ, ես ոչ զտարյուն զինվորական եմ, ոչ էլ սովորական լրագրող: Ես զինվորական լրագրող եմ, պատկերավոր ասած՝ դա կանաչի ու մանուշակագույնի խառնուրդ է, որը բոլորովին ուրիշ, նոր գույն է: Եվ այդ գույնն ինձ դուր է գալիս:
 
Եվ ի՞նչ անուն ունի այդ գույնը, ի՞նչ նկարագիր ունի..
 
Համազգեստը քեզ բերում է մի իրականություն, որտեղ այո-ի փոխարեն ասում են՝ ճիշտ այդպես, ոչ-ի փոխարեն՝ ոչ մի կերպ, որտեղ հանձնարարությունը հրաման է, աշխատանքը՝ ծառայություն, որտեղ կյանքի ամեն պահը կանոնակարգված է, որտեղ կա մասնագիտական վարքականոն… Ու անկախ քո կամքից ու ցանկությունից, դու դառնում ես այս հզոր մեքենայի մի պտուտակը, և նրա արժեհամակարգը ամեն օր թելադրում է քեզ աշխարհընկալման ու վարքի նորմեր: Իմ պրագմատիզմի, պատասխանատվության, կանոնիկության, հավաք ու ձիգ լինելու, համարձակության, բարեխղճության համար բանակին եմ պարտական: Ես բանակից դուրս էլ իմ պարտականությունները կատարում եմ հրամանի պես: Ճշգրիտ ու արագ: Երբ դու կրում ես մի համազգեստ, որը կրում են հազարավոր մարդիկ, քո հոգում ձևավորվում է ամբողջի մասնիկը լինելու, ամբողջի համար պատասխանատվություն կրելու և ամբողջի առաջ պատասխանատու լինելու զգացում:
 
Ձեր խոսքից հետևում է, որ կանաչը ջնջում է մանուշակագույնի բոլոր երանգները:
 
Չի կարող ջնջել, քանի որ զինվորական լրագրողի ծառայողական պարտականությունը մարդու, հայրենիքի, խիզախության, անձնազոհության, ազգային երազանքների, նվիրումի, երկրի անցյալի ու ապագայի մասին պատմելն է: Այս ամենը արդեն հույզերի ու զգացմունքների տիրույթում է:
 
Ամեն դեպքում, բանակն ու կինն առաջին հայացքից անհամատեղելի են։
 
Բանակը առաջին հերթին գաղափար է ու բարոյախոսություն: Դա զինված մարդկանց հավաքատեղի չէ, այլ գաղափարի շուրջ համախմբված ընտրյալների, որոնք եկել են Հայրենիքի ազատության ու ժողովրդի ինքնիշխան ու անվտանգ կեցության գործին տալու իրենց բաժինը: Մեր պատմությունը վկայում է, որ ազգապահպանության, օջախի կրակը անմար պահելու, իր տունը պաշտպանելու գաղափարը հարազատ է հայ կնոջը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած աղջիկներն այսօր հաջողությամբ ծառայում են զորքերում: Համաձայն եմ, հայ տղամարդը ներքին դիմադրություն ունի, երբ հրամանտարը կին է, ու ինքը պիտի ենթարկվի կնոջը, բայց հետզհետե հասկանում է, որ ծառայության ժամանակ ամեն մեկը կատարում է իրեն վերապահված պարտականությունները, իսկ ծառայությունից դուրս փոխհարաբերությունները չեն փոխվում:
 
Համազգեստն օգնե՞լ, թե՞ խանգարել է Ձեզ կյանքում։
 
Ես անմիջապես նկատում եմ համազգեստիս, ուսադիրներիս ուղղված ակնածալի, հիացական հայացքները, և դա շոյում է ինձ: Համազգեստը միայն օգնում է ու երբեք չի խանգարում:
 
Հրամանի տակ աշխատանքը չի՞ սահմանափակել Ձեր, այսպես կոչված, կանացի ազատությունը։
 
Մեր օրը լցված է պարտականություններով, և դա բնական է ու օրինաչափ: Դու ինքնակամ սահմանափակում ես քո ցանկությունները, որպեսզի պարտականություններդ կատարես անթերի ու ժամանակին: Եթե պիտի ընտրություն անեմ ազատության և պարտականության միջև, ես առանց տատանվելու ընտրում եմ պարտականությունը:
 
Ինձ համար ազատություն բառը ավելի շատ մարմնավորում է մտածելակերպի ինքնատիպությունն ու կարծրատիպերը մերժելու խիզախությունը: Բայց դա չպետք է լինի ծայրահեղ, անիմաստ ու ինքնանպատակ: Հոսանքին հակառակ գնալը պետք է արդարացվի վեհ ու բարձր գաղափարով: Եվ պետք է զուգորդվի շրջապատիդ հանդեպ հարգանքի պարտավորությանը: Ազատությունը ցինիկությունը չէ: Մազերը կապույտ ներկելը, տեսախցիկի առաջ մերկանալը կամ հայհոյանքով խոսելը ազատություն չէ: Եվ ոչ էլ ծառայողական հրաման կատարելն է անազատություն: Անազատությունն այն է, երբ դու չես կարողանում կատարել քո խղճի հրամանը, չես կարողանում հավատարիմ մնալ քո ներքին սահմանադրությանը:
 
Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ընտրում են զինվորականի ոչ հեշտ աշխարհը։
 
Պետք է արագ հասկանալ՝ սիրո՞ւմ ես քո գործը, թե ոչ: Որովհետև սիրով արված գործը, որքան էլ դժվար լինի, ուժի, եռանդի լրացուցիչ աղբյուրներ է բացում քո հոգում:
 
Երկրի լավագույն գրողները շատ բարձր գնահատական են տալիս և Ձեր հոդվածներին, և գեղարվեստական ստեղծագործություններին։ Դուք այն եզակիներից եք, որոնք կայուն և աճող լսարան ունեն: Ազդեցիկ ու հանրային լինելը փոխե՞լ է Ձեր մարդկային տեսակը։
 
Այո, ես ունեմ ընթեցող, որը սիրում է ինձ, սիրում է իմ գիրը, և ես պարտավոր եմ հուսախաբ չանել նրան: Այն միտքը, որ իմ գիրը ինչ-որ բան է փոխում ընթերցողի հոգում, անսահման սրում է իմ պատասխանատվության զգացումը, ստիպում է, որ ես ամենայն լրջությամբ ծանրութեթև անեմ իմ յուրաքանչյուր բառը, միտքը՝ լինի գրավոր, թե բանավոր: Ես հիմա ավելի նախանձախնդիր եմ իմ կերպարի հանդեպ, որովհետև եթե քեզ չսիրեն ու չհավատան, նույն կերպ են վերաբերվելու քո գրածին:
 
Ի՞նչ եք մաղթում կանանց ու աղջիկներին։
 
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին աշխարհի, մարդկանց հետ հարաբերվի սիրո կախվածությամբ, ոչ թե փողի ու կարիքի: Դա նվաստացնում է կնոջը, ջնջում նրա անհատականությունը, զրկում ինքնավստահությունից: Երջանկություն որոնելու ճանապարհը կարող է այնքա՜ն գեղեցիկ լինել, անկախ հանգրվանից, որովհետև ապրելը ինքնին մեծ բարեբախտություն է:
 
Օլյա Շահինյան