Գլխավոր Հայաստան Դիմակ չունեցողներին կսկսեն տուգանել.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» նոր կարգավորումն արդեն իրավական...

Դիմակ չունեցողներին կսկսեն տուգանել.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» նոր կարգավորումն արդեն իրավական ուժ ունի

138
0

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է դիմակ չունեցողներին տուգանելու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը», որով նախատեսվում է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված տեղաշարժի սահմանափակումները խախտողների նկատմամբ կիրառել տուգանք 10 000 դրամի չափով:

 

Այսկերպ օրենքն իրավական ուժ է ստանում ու հրապարակման պահից սկսած կարող է կիրառվել:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն մայիսի 19-ին միաձայն ընդունեց արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար տուգանքները նախկին 100-250 հազարի փոխարեն մինչև 10 000 դրամ նվազեցնելու մասին նախագիծը:

Այսպիսով, փակ տարածքներում դիմակ կրելն այսուհետ պարտադիր է լինելու, իսկ բաց տարածքներում քաղաքացին իր մոտ պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ, հակառակ դեպքում կտուգանվի 10 000 դրամով:

Նշենք, որ օրենքը նաև հետադարձ ուժ ունի ու նախկինում տեղաշարժի թերթիկ չունենալու համար 100-250 հազար դրամով տուգանված քաղաքացիները եռամսյա ժամկետում հետ կստանան իրենց ավել վճարած գումարները, իսկ եթե դեռ չեն վճարել, կվճարեն ընդամենը 10 000-ը:

 

Տուգանքի նվազեցումը վերաբերում է միայն ազատ տեղաշարժի կանոնների խախտմանը, մինչդեռ մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն նախկին 100-250 հազար դրամի չափով:

 
 

«Վարչական իրավախախտումների մասին օրենքից» բացի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նաև «Ներման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: