Գլխավոր Իրավական Ես բոլորից հայրենասեր եմ. ո՞վ է Միքայել Մինասյանի կալանավորումը վերացրած դատավորը

Ես բոլորից հայրենասեր եմ. ո՞վ է Միքայել Մինասյանի կալանավորումը վերացրած դատավորը

348
0

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը վերացրեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կալանավորման որոշումը: Araratnews.am-ը  համացանցի բաց աղբյուրներից, պաշտոնական տվյալներից տեղեկություն է հավաքել դատավոր Սերգեյ Մարաբյանի մասին:

Նախորդ տարի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր փակել դատարանի դռները, դատավոր Մարաբյանը հարցազրույց էր տվել, խոսել վեթինգի մասին եւ ասել. «Ես բոլորից հայրենասեր եմ, դա էլ ասեմ՝ իմացեք, եւ որեւէ մեկը թող չփորձի հայտարարել, թե ինձնից հայրենասեր է եւ այլն, որովհետեւ ես իմ գործով եմ ցույց տալիս իմ հայրենասիրությունը, ոչ թե խոսքերով»,- ասել էր դատավորը:

Դատավորը հավաստիացրել էր` վեթինգ անցնելու խնդիր չունի, քանի որ նշանակման առաջին օրվանից է անցել դրա միջով:

Բացի Միքայել Մինասյանից` Սերգեյ Մարաբյանին էր մակագրվել Պետական եկամուտների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը: Դատավորը, սակայն,  մերժել էր Խաչատրյանի խափանման միջոցը` կալանավորումը փոխելու միջնորդությունը: Դատավորը Helpcourt հարթակում ամենաբարձր վարկանիշն ունի:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ 2018 թվականի վերջում վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Սերգեյ Մարաբյանի դրամական միջոցները կազմել են 2.400.000 դրամ, 2500 դոլար եւ 150.000 ռուբլի: Դատավորը եկամուտ ստացել է ոչ միայն աշխատավարձից, այլեւ աշխատավարձի վարձատրությանը հավասարեցված այլ վճարումներից (9,648,732 դրամ) եւ 200.000 ռուբլի նվիրատվությունից: