Գլխավոր Հայաստան Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, երբ կիրառում ենք, դիտարկում...

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն.ոստիկանապետ

21
0

Այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն անդրադարձավ այսօր հրապարակված տեսանյութին՝ ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանի խնդրանքով:

Հիշեցնենք, որ վերը նշված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուժ գործադրելով բերման ենթարկում քաղաքացուն:

Ընդդիմադիր պատգամավորն ասել էր, որ այսօր մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացուն՝ նրան գցելով գետնին։

«Արդյո՞ք դուք սա իրավաչափ գործելաոճ եք համարում եւ չե՞ք կարծում, որ ծառայողական քննություն պետք է նշանակվի՝ իրավաչափությունը ստուգելու համար»,- հարցրեց Սամսոնյանը ՀՀ ոստիկանապետին:

Արման Սարգսյանն ասաց, որ ոստիկանների գործողությունները շատ իրավաչափ է համարում, որովհետեւ քաղաքացուն խնդրել են կատարել Պարետի սահմանած պահանջները:

ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, որ այն քաղաքացին, որը համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից և մյուս պահանջներից սկսած՝ փորձում է ընդվզել եւ ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, դա իրավաչափ է, ճիշտ են անում:

«Հույս ունեմ, որ այս ծառայության ընթացքում նույն տրամաբանությամբ, ովքեր կխախտեն օրենքը, չեմ ասում բոլորի հանդեպ պետք է ֆիզիական ուժ կիրառել, բայց որտեղ կգտնեն դրա պահանջը եւ օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, պետք է ուժ կիրառել։ Կներեք՝ մենք 2 ծայրահեղության մեջ ենք ընկնում։ Երբ մենք չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիրառելը դիտարկում են բռնություն»,- ասաց ոստիկանապետը։