Գլխավոր Շախմատ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը քննարկել է շախմատային դպրոցների խնդիրները

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը քննարկել է շախմատային դպրոցների խնդիրները

12
0

Հունիսի 28-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և փոխնախագահ Նորայր Քալանթարյանը շրջայց կատարեցին Նոր Նորքի և Նուբարաշենի շախմատի դպրոցներում: Այժմ դասերն անցկացվում են առցանց, բայց դա չի խանգարում մտածել և քայլեր ձեռնարկել սաներին ավելի բարեկարգ պայմաններում նորից հյուրընկալելու համար:

Նոր Նորքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սուրեն Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում մատնանշվեցին մի շարք խնդիրներ: 220 աշակերտ ունեցող դպրոցին փոքր տարածք է բաժին ընկել, քիչ են դասասենյակները, և հետևաբար անհնար է նաև ավելի մեծ թվով երեխաների ընդունելությունը: Քննարկման ընթացքում նշվեց՝ դպրոցին կից շինության միացմամբ հնարավոր է տարածքն ընդլայնել, այդպիսով՝ հասանելի դառնալ Երևանի մեծությամբ 6-րդ վարչական շրջանի բոլոր այն երեխաների համար, ովքեր ցանկանում են իմաստուն խաղը սովորել հենց այս շախմատային դպրոցում: Ֆեդերացիայի նախագահի հետ քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին նաև դպրոցի տարածքի բարեկարգման, խնամված կանաչ գոտի ունենալու հարցերը: Դպրոցում վստահ են՝ այդ պարագայում շախմատը բնության հետ կերկխոսի ավելի ներդաշնակ, քանի քարե պատերից այն կողմ:

Հաջորդ այցը Նուբարաշենի շախմատի մարզադպրոց էր: Տնօրեն Լևոն Գալոյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց կատարեց ընդամենը 115 մ² զբաղեցնող դպրոցում, որն այս պահին քանդվելու շեմին է: Խնդիրն այն է, որ մարզադպրոցը գործում է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցին կից, որն էլ այժմ ենթարկվում է հիմնանորոգման: Շախմատ սովորող 140 աշակերտներին նորից մեկ հարկի տակ հավաքելու համար կա՛մ պետք է վերանորոգել հարևանությամբ գտնվող շինությունն ու շախմատային շունչ հաղորդել, կա՛մ գտնել նոր տարածք և ֆինանսավորում:

Շրջայցերի ընթացում վերհանված խնդիրների շուրջ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա հանդիպումների ընթացքում դրանք ավելի մանրամասն ու առարկայական քննարկելու և հնարավոր լուծումները նախանշելու համար: