Գլխավոր Հասարակություն Մայրը պնդում է, որ 10-ամյա տղան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել

Մայրը պնդում է, որ 10-ամյա տղան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել

182
0

Երևանի բնակչուհի Աիդա Ա․-ն պնդում է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության: Մայրը վստահ է, որ որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկը՝ իր մայրը, և երեխայի հայրը: Երեխան իր ցուցմունքներում նշել է, թե որտեղ, երբ, ինչպես են տեղի ունեցել այդ «վատ բաները», մատնանշել «իրեն ցավեցնող» երեք մեծահասակներին:

2016-ին հարուցված քրեական գործը կարճվել է: 2019-ին բռնությունը կրկնվել է: Այս անգամ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է:

«6-7 տարեկանից երեխայիս նկատմամբ պարբերաբար տեղի է ունեցել սեռական բռնություն, 2016-ից անցել եմ դատական երկարատև գործընթացների միջով, փաստաբաններին վարձատրելու համար վաճառել եմ տունս՝ մի մեծ տուն Շենգավիթում, ու տեղափոխվել եմ Զեյթուն՝ մորս մոտ: Այդ քրեական գործը կարճվել է: Հիմա այդ բռնարարները եկել են Զեյթուն, ու անցյալ ամիս նորից սեռական բռնության ենթարկել տղայիս. նորից գործ է հարուցվել, բայց մանկապիղծներն ակնհայտորեն հովանավորվում են վերևներից»,- ահասարսուռ դեպքերը «Հայկական ժամանակ»-ին պատմեց Աիդա Ա․-ն՝ ընդգծելով, որ իր ամեն խոսքը հիմնավորող փաստաթղթեր ունի:

Նրա տեղեկացմամբ՝ բռնությունները երեխայի նկատմամբ սկսվել են 2016-ից: Դա առկա է առաջին քրգործում: Երեխան ի ծնե ունի երևանյան հիվանդություն, և երբ բռնության ենթարկվելուց հետո տուն է եկել գունատ, թույլ, մայրը մտածել է, թե հիվանդության հետ է կապված: «Երեխան վախենում էր ինձ պատմել, իրեն ասել էին, որ եթե պատմի, ավելի շատ կցավեցնեն: Նրան բակում խաղալիս հետևում էր մայրս. ասում էր, թե ինքը երեխայի հետ է, որ ես չանհանգստանամ: Միայն վերջերս պարզվեց՝ հենց ինքն էլ այդ ամենը կազմակերպում էր»,- նշեց Աիդան:

Մի օր, ըստ նրա, տղայի աչքի տակն ու քիթն ուռած տեսնելով, վախեցել է, հարցրել՝ ինչ է պատահել: Տղան ասել է, թե երեխաները ծեծել են, հետո միայն՝ խոսել նաև այն մասին, որ իրեն սեռական բռնության են ենթարկել: Երեխան չի ասել, որ իր նկատմամբ սեռական բռնություն գործադրել են նաև որոշ մեծահասակներ (ինչպես պարզվել է հետագայում՝ նրան սպառնացել էին, որ կսպանեն մորը). նա մատնանշել է միայն բակի երեխաներին: Ճշտող հարցերին, թե անչափահասները ևս իր որդուն սեռակա՞ն բռնության են ենթարկել, մայրը դրական պատասխան տվեց. «Այո, 7-12 տարեկան երեխաներ էին»: Սեռահասո՞ւն էին այդ երեխաները հարցին ի պատասխան՝ նա նշում է, որ նրանք, ովքեր դեռ սեռահասուն չէին, մյուսներին նայելով՝ նվաստացուցիչ բռնությունների էին դիմում իր երեխայի նկատմամբ:

Որդուց բռնության մասին լսելուց անմիջապես հետո Աիդա Ա-ն դիմել է իրավապահ մարմիններին: Նշանակվել է կոլոնոսկոպիայի դատաբժշկական փորձաքննություն։ 26.06.2016թ. փորձաքննությունն արձանագրել է, որ առկա է «հետանցքի ձագարաձև ներհրվածություն, որ կարող էր առաջանալ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով»: Դատահոգեբանական փորձաքննության արդյունքում էլ արձանագրվել է, որ երեխան ադեկվատ է, նրա խոսքերը հավաստի են:

«Այդ ժամանակ ես դեռ կարծում էի, թե միայն բակի երեխաներն են նրան նեղացրել: Երբ ես այդ երեխաներից մեկի տուն գնացի՝ պարզաբանելու, ուղղակի պատասխաններ ստանալու, նրանք ոստիկանություն հաղորդում տվեցին, թե ես զենք-զինամթերքով ներխուժել եմ իրենց տուն: Այդպես արեցին, որ էլ չբողոքեմ: Ոստիկանները եկան, խուզարկություն արեցին, ինձ տվեցին կասկածյալի կարգավիճակ, որ ձեռքերս կապվեն, որ չշարունակեմ բողոքել»,- նշեց Աիդան:

Նրա խոսքով՝ տարբեր ճնշումներ են գործադրվել իր նկատմամբ, որ չշարունակի արդարություն պահանջել, ահաբեկել են նաև այն մարդկանց, որ կարող էին վկայություն տալ․ «Ինձ մի աղջիկ ասաց, թե ովքե՛ր կապ ունեն այս գործի հետ, բայց հետո Ոստիկանությունում վախեցած հրաժարվեց իր խոսքից: Բայց ես նրա խոսքը ձայնագրել եմ: Ես միայնակ դուրս էի եկել Ոստիկանության, Քննչականի ու մանկապիղծների բանդայի դեմ»:

Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության առաջին քրգործը 2019 թվականին կարճվել է։ «Կարճվել է հանցակազմի բացակայության անհեթեթ պատճառաբանությամբ: Դիմել եմ Լենա Նազարյանին, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներին, փորձել եմ Նելլի Դուրյանին մոտենալ, չի հաջողվել: Մեծ դիմադրություն կա»,- նշեց նա:

Պատմեց, որ Զեյթուն տեղափոխվելուց հետո իրենք, կարծես, խաղաղվել էին: Երեխան դպրոցում գերազանց էր սովորում, ինքը հոգեպես կայունանում էր: Ցավը նորոգվել է 2019-ի դեկտեմբերի 28-ին։ Աիդա Ա․-ի խոսքով՝ իրեն տանից հեռացնելու նպատակով մայրն ասել է, որ գնա, Ամանորի առևտուր անի: Այն 40-50 րոպեի ընթացքում, որ ինքը տանը չի եղել, եկել են երեք չափահասներ, երեքն էլ բռնաբարել են երեխային: Իրեն պարբերաբար զանգել է մայրը, գնումների ցանկին իբր մոռացված ապրանքներ ավելացրել, որ ժամանակ ձգի: «Երբ դուրս եկա տնից, իմ մեքենայի կողքին կարծես նկատեցի Ս․-ի մեքենան (երեխայի մատնանշած բռնարարներից). այդ մեքենան հետաքրքիր ապացույց է, որ ոստիկանները կոծկում են ապացույցները. ես հաստատ հիշում եմ համարանիշը՝ XX/XXX կապտականաչ մերսեդես, բայց ինձ ասում են՝ նման ավտո ոստիկանության ցանկում չկա: Տեսա մեքենան, բայց մտածեցի, թե ինձ թվացել է: Մի քիչ հետո զանգեցի տուն, մայրս ասաց՝ երեխան տանն է, հաց է ուտում: Իսկ հետո, երբ տուն եկա ու երեխուս տեսա այդպես գունատ, թուլացած, կանգնացնում ենք, օրորվում ա… Ոստիկանություն զանգեցի, հաղորդում տվեցի, ասեցի՝ հենց հիմա մեր տուն եկեք, երեխուս էս վիճակում տեսեք: Այդ պահին երեխաս միայն ասում էր, որ Ս.-ն վախեցրել ա իրեն. ուրիշ բան չէր ասում»,- պատմեց Աիդան:

Ինչու երեխան չի խոսել իր հետ կատարված սեռական բռնությունների մասին՝ հարցին ի պաստախան մայրը կրկնում է, որ երեխային սպառնացել են բոլորը։ «Ինքն ավելի շատ վախենում ա տատիկից, որովհետև նա ասել ա՝ եթե մամայիդ ասես, կասեմ ավելի շուտ-շուտ կգան: Բայց երբ դեկտեմբերի 30-ին երեխաս վատացավ, շտապօգնություն դիմեցի, էդ ժամանակ պատմեց. թե մամա, երբ որ դու տանը չես եղել, զանգել են տատիկին ու եկել են: Ինքը տեսել ա, որ տատիկն իրենցից փող ա վերցրել»,- ասաց նա:

Դեկտեմբերի 31-ին նշանակվել է փորձաքննություն, որն անցկացվել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյում»: «Իմ ներկայությամբ երեխայի հետույքից դուրս է բերվել, վերցվել է սպիտակավուն նյութ՝ սերմնահեղուկ: Սակայն հունվարի 20-ին ստացված փորձաքննության պատասխանում գրված է, թե «ոչ մի բան չի հայտնաբերվել, բայց չենք բացառում, որ եղել է»: Ես գրեցի Ոստիկանությունում, որ բացարձակ համաձայն չեմ: Կցեցի հետանցքի նկարները, որ փորձաքննության սենյակում եմ արել. ինչպե՞ս կարող էր չնկատվել այդ լայնացումը, կարմրությունը: Ես չգիտեմ՝ այս համակարգը որտեղից է հովանավորվում, բայց հաստատ բարձրաստիճան մեկն է: Կամ գործ ունենք հոգեկան հիվանդների հետ, կամ մանկապիղծների բանդայի, որ երեսիս այդպես լկտիաբար ասում են, որ ոչ մեկն էլ չի դատվելու, որ կոծկում են ամեն ինչ»,- նշեց նա:

Նախկինում Աիդա Ա․-ն չի կասկածել, որ մայրը ներգրավված է որդու նկատմամբ իրականացվող բռնություններում: Դա միայն դեկտեմբերի 30-ին է երեխան պատմել: Մոր հետ միասին կյանքը մի հարկի տակ անտանելի է, սակայն Աիդա Ա-ն, իր խոսքով, ուրիշ տարբերակ չունի, քանի որ մայրը թույլ չի տալիս իրերից որևէ բան վերցնել, որ կարողանա առանձին ապրելու մասին մտածել։ Որդու բռնաբարության դեպքի առնչությամբ հարուցված քրգործով դեռ նախաքննություն է ընթանում, մինչդեռ Աիդա Ա-ն իր և երեխայի կյանքում հավասարակշռութունը վերականգնելու համար ցանկանում է րոպե առաջ հանգուցալուծված տեսնել այս իրավական գործընթացը: «Ուզում ենք այդ ամենն արագ ավարտվի, որ կարողանանք տեղափոխվել, հանգիստ ապրենք, որ երեխայիս հոգեբանի մոտ՝ վերականգնողական կենտրոն տանեմ»,- ասաց նա:

Այն հարցին, թե երեխան որևէ կերպ չի՞ դիմադրել իր նկատմամբ պարբերաբար կատարվող գործողություններին, կինը պատասխանեց, որ երեխան վախից ոչինչ չի արել, ինչը ևս արձանագրվել է Ոստիկանությանը տված նրա հաղորդման մեջ․ «Ասում ա՝ մամ, հենց փորձում էի մի բան ասել, ինքը (տատիկը) գալիս, ասում էր՝ կասեմ, էլի կգան»: Ինքը՝ որպես մայր, որևէ բան չի՞ նկատել, չի՞ զգացել․ հարցին ի պատասխան հիշում է, որ երեխայի ներքնաշորն անընդհատ կեղտոտ էր լինում, երեխան կեղտը չէր կարողանում պահել. բայց մտածել է, թե երեխա է, կմեծանա-կանցնի:

Աիդա Ա-ի խոսքով՝ բռնարարները երեքն են, և դժվար է նրանց դեմ դուրս գալ, քանի որ «թաղային հեղինակություններ են, թմրավաճառներ»:

Առաջին դատական գործում (հարուցված 2016-ին և կարճված 2019-ին), նրա խոսքով, երեխային տանից հանելու համար ուղարկում էին անչափահասների, որ նրան կանչում էին ֆուտբոլ խաղալու: Արդյունքում դպրոցի բակում նվաստացնում էին նրան, միզում բերանի մեջ կամ վրա, բռնաբարում, վախեցնում: Այդ ամենին ներկա էր լինում երեխայի տատիկը, որն, Աիդան վստահ է, վճարվում էր դրա համար: «Ես էլ գիտեի, թե մերս էնտեղ ա, կարող եմ հանգիստ լինել: Մինչդեռ ինքն էլ հետները՝ մի 60-70 հոգի կա էս գործում՝ կոծկողներով, կազմակերպիչներով: Շենգավիթի Ոստիկանությունն էս գործին ամենայն մանրամասնությամբ տիրապետում ա: Ու իրենք չեն էլ թաքցնում, որ տիրապետում են: Քննիչներն ասել են ինձ՝ դու էլ գիտես, չենք կարա: Մի ծառայողական քննություն լինի, էնքան բան կբացահայտվի»,- ասաց Աիդան: