Գլխավոր Հասարակություն Զուլումը՝ Ֆրունզի մասին (պատմական լուսանկար)

Զուլումը՝ Ֆրունզի մասին (պատմական լուսանկար)

24
0

Մենք մտերիմ ընկերներ էինք,- պատմում է գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը,- և գրեթե ամեն շաբաթ հանդիպում էինք իմ արվեստանոցում: Հերթական հանդիպման ժամանակ մեկ էլ Խորենն ասաց.

Լուսանկարվել է պատահական, 1968 թվականին, Էջմիածնի Մայր տաճարի բակում: Ձախից Ֆրունզե Դովլաթյանն է, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը, Խորեն Աբրահամյանը և Ֆրուզիկ (Մհեր) Մկրտչյանը

— Այ, Զուլում, Ֆրունզիկը (խոսքը Մհեր Մկրտչյանի մասին է) անտեր տղա է, դժվար թե կնքված լինի, արի գնանք կնքենք: Դու էլ քավորը կլինես: Միայն թե խնդիրը խաչի հարցն է:
— Անմիջապես զանգահարեցի ոսկերիչ իմ լավ բարեկամին` Ժիրայր Չուլոյանին, ով, ի դեպ, Վեհափառի մոտ գտնվող մեծ խաչի ու ոսկե այբուբենի հեղինակն է: Ասաց.
— Այո, պատրաստի խաչեր ունեմ:
Երեք խաչ պատվիրեցի, ասացի.
— Վրան էլ փիրուզ քար ավելացրու, որ չար աչքից հեռու լինեն:
Կեսօրից հետո խաչերը վերցրինք ու գնացինք Ֆրունզիկ Մկրտչյանի Կոմիտաս պողոտայի վրա գտնվող տուն: Ներքևից ձայն տվեցինք, Ֆրունզիկն իջավ ու հարցական տոնով ասաց.
— Էս ու՞ր:
— Քո գործը չի, նստիր,- ասաց Ֆրունզե Դովլաթյանը:
— Զուլումը քավոր է կանգնելու, պիտի գնանք,- բացատրեց Խորենը:
Ֆրունզիկը թե`
— Բա ինչու՞ Զապորոժեցով, իմ մեքենան հանեմ:
— Տղերքը, թե`
— Չէ, էդպես են պայմանավորվել, քավորի Զապորոժեցով պիտի գնանք:
Բանն այն է, որ երեքն էլ Վոլգա ունեին, միայն իմն էր հասարակ Զապորոժեց: Ֆրունզիկը լուռ ու մունջ, մի կերպ տեղավորվեց, ու շարժվեցինք:
Հասանք ավտոկայանի մոտ, ճանապարհի անմիջապես կողքը մի խորտկարան կար, «находу» էին ասում, Ֆրունզիկ Մկրտչյանն ասաց.
— Զուլում, կանգնի:
Կանգնեցի, իջավ: Տղերքը, թե`
— Էս ու՞ր:
Ասաց.
— Գալիս եմ, գործ ունեմ:
Մի քիչ անց վերադարձավ ու իրեն հատուկ տոնով ասաց.
— Դե հիմա ուր ուզում եք, գնանք:
Հասանք Էջմիածին: Արդեն երեկո էր: Ասացի.
— Դուք նստեք, ես գնամ, խոսեմ ու գամ:
Եկեղեցին արդեն ,,փակվելու,, վրա էր, արարողակարգերն ավարտվել էին, ժողովուրդը արդեն ետ էր գնում: Մեկ էլ Տեր հորը տեսա, խնդրեցի, ասաց.
— Օրհնության ջուրն արդեն տարել են, չեմ կարող:
Շատ խնդրեցի, ասացի երեխաներով շատ հեռվից եմ եկել, ես ամեն բան կանեմ: Ասաց.
— Դե լավ, գնա, երեխաներին բեր:
Գնացի, ասացի.
— Իջե´ք:
Դե ինքներդ պատկերացրեք. փոքր Զապորոժեցից դուրս են գալիս հաղթանդամ Խորեն Աբրահամյանը, Ֆրունզիկ Մկրտչյանն ու Ֆրունզե Դովլաթյանը: Հետ գնացող ժողովուրդն ապշահար մեզ է նայում: Ավելին` ինչքան մեքենա կար, որ պիտի շարժվեին, չշարժվեցին: Ժողովուրդն հետևներիցս գալիս է: Ներս ենք մտնում: Տեր հայրը նայում է չորս կողմը և զարմացած հարցնում.
— Իսկ երեխաներն ու՞ր են:
Ցույց տալով ներս մտնող Ֆրուզե Դովլաթյանին, Խորիկին ու Ֆրունզիկին` ասում եմ`
— Սրա´նք են:
Տեր հայրը մի պահ քար կտրեց, ասաց.
— Ո՞նց թե` սրանք են:
— Այո, այո,- ասացի,- իրենց պիտի կնքես:
— Աստված վկա` չափազանց երջանիկ եմ, որ այսպիսի մարդկանց պիտի կնքեմ,- ասաց Տեր հայրն ու սկսեց կնունքի արարողությունը:
Այդ ընթացքում եկեղեցին լցվեց մեծ ու փոքրով: Ժողովուրդը շրջապատել էր մեզ: Արարողության ավարտի վերջում Տեր հայրն ասաց.
— Համբուրեք քավորի ձեռքը:
Ֆրունզե Դովլաթյանը ակնածանքով համբուրեց ձեռքս, Ֆրունզիկը մի թեթև հայացք գցեց Դովլաթյանի երեսին, ինքն էլ համբուրեց ձեռքս: Հիմա Խորենը չի համբուրում, ասում է.
— Դուրս գնանք, կհամբուրեմ, էլի՜:
Ես ասում եմ.
— Համբուրի, համբուրի´, կարգ է:
Խորենն էլի չի համբուրում: Տեր հայրը զարմանքից քար է կտրել, հավանաբար մտածում էր, թե էս ով է, որ Խորենի հետ էդպես է խոսում: Իհարկե, ձեռքս քաշեցի: Գրպանիցս չորս հատ 25 ռուբլիանոց հանեցի (այն ժամանակ մեծ գումար էր) մեկն ինձ պահեցի, երեքը մեկնեցի Տեր հորը, չվերցրեց, ասաց.
— Ես երջանիկ մարդ եմ, որ այսպիսի մարդկանց եմ կնքել:
Խորենը ձեռքիցս ոչ թե երեքը, այլ չորս հատն էլ վերցրեց ու Տեր հորը խնդրեց ու նաև համոզեց, որ պիտի վերցնի: Արդեն չվերցնելն անհնարին էր: Ես առանց փող մնացի…
Վերջում Տեր հայրն ասաց, որ առավոտյան կլվացվենք ու մյուռոնաջուրը լվացարանի ջրին կամ ուրիշ տեղ չթափենք, միայն պատի տակ, որպեսզի ջուրը ոտատակ չընկնի:
Առավոտյան գնացի Խորենի տուն, ասացի, ճշտեմ, թե ջուրը ոնց է թափել: Խորենն ասաց.
— Քավոր ջան, ինչպես կարգն էր` միայն պատի տակ:
Խորենին ասացի`
— Գնանք Դովլաթյանի տուն, տեսնենք` նա ինչ է արել:
Գնացինք: Դովլաթյանն ասաց.
— Հա, քավոր ջան, ինչպես Տեր հայրն է ասել, այնպես էլ արել եմ:
Երեքով գնացինք Ֆրունզիկի մոտ, ասացին, որ երեկվանից դեռ տուն չի եկել: Մի որոշ ժամանակ անց նորից գնացինք, ասացին`
— Մի քիչ առաջ է եկել, քնած է:
Քավորի իրավունքով պահանջեցի, որ արթնացնեն: Քնաթաթախ ու ժպտալով եկավ, հարցրինք, թե որտեղ է մյուռոնաջուրը թափել, ասաց`
— Չեմ հիշում:
— Ո՞նց թե` չես հիշում:
Մեղավոր – մեղավոր ասաց.
— Խմած եմ եղել, չեմ հիշում, քավոր ջան:
Այդպես ես դարձա իմ մտերիմ ընկերների` երեք մեծ մարդկանց քավորը:

Ռոբերտ Մաթոսյան
,, +ԿԻՆՈ,, թիվ 13-14, 2012 թ.