Գլխավոր Վերլուծական Էժանագին դիվիդենտներ՝ արյան հաշվին

Էժանագին դիվիդենտներ՝ արյան հաշվին

103
0

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

Հովհաննես Թումանյանի այս քառատողը թերեւս լավագույնն է բնութագրում երեկվա տեղի ունեցած վենդետան Գավառում:

Հիշեցնենք՝ երեկ կրակոցներ են հնչել Գավառի ճանապարհին, որի պատճառով սպանվել է 2 հոգի, երկուսը՝ վիրավորվել: Դրանից հետո կրքերը թեժացել էին՝ ըստ տեղեկությունների՝ սպանվածների հարազատները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, ջարդուփշուր արել հիվանդանոցի գույքը, սպանել երկու հոգու:

Նախկին իշխանության ներկայացուցիչները եւ նրանց շրջապատը, ինչպես սպասելի էր, առիթը բաց չթողեցին այս դեպքն օգտագործելով մրոտել այս իշխանությանը, մեղադրեցին ամենաթողության, «բեսպրեդելի» համար ու նորից նույն երգը երգեցին՝ իշխանությունը պետք է հեռանա:

Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը, սակայն, որոշ հարցերի պատասխան տվեց: Նախ հերքվեցին ոստիկանության անգործության մասին տեղեկությունները: «Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»,- կարդում ենք հաղորդագրությունում:

Հերքվեց նաև հիվանդանոցում երկու հոգու սպանության լուրը եւ ոստիկանապետի գտնվելը Գավառի հիվանդանոցում:

Այն, որ տեղի ունեցածն անընդունելի է, ողբերգական հետեւանքով, փաստ է: Փաստ է նաև, որ մեր հասարակության մեջ դեռ արմատացած է կրակոցներով հարցեր լուծելու արատավոր վարքագիծը՝ իրավապահներին դիմելու փոխարեն: Պատահական չէ, որ իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարևորում, քայլեր է ձեռնարկում այդ արատավոր մտածողությունն արմատախիլ անելու եւ միայն ՕՐԵՆՔՈՎ լուծելու բոլոր խնդիրները:

Արի ու տես, սակայն, որ ժողովրդի կողմից մերժված նախկին իշխանության քաղաքական շրջանակները, ինչպես սպասելի էր, առիթը բաց չթողեցին «պղտոր ջրում ձուկ որսալու». վարկաբեկելու լեգիտիմ իշխանությանը, նրան մեղադրելով երկրում ամենաթողության, «բեսպրեդելի» համար՝ փորձելով այսկերպ էժանագին դիվիդենտներ հավաքել, փորձել ապարդյուն հիմնավորել, որ նախկին իշխանությունը պետք է օր առաջ վերադառնա:

Տպավորությունն այն է, որ «հիշողության կորստի» սինդրոմը դարձյալ զգալ է տվել նախկիններին ու նրանց համակիրներին: Ուստի արժե հիշեցնել նրանց կառավարման տարիներին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից մի քանիսը:

1999 թ. հոկտեմբերի 27: Հայրենի խորհրդարանում սպանվեցին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ մի քանի պատգամավոր, իսկ հետագայում հերթով կասկածելի պայմաններում «մահացան» ականատեսները: Երկրի նախագահն այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:

2009 թ-ին իր բնակարանի մուտքի վերելակի մոտ հրազենային կրակոցից սպանվեց փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը, որի պատվիրատուներն այդպես էլ չբացահայտվեցին նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի օրոք: Երկրի ղեկավարն այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էր:

2016 թ-ի հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինված անդամներ գրավեցին Էրեբունու ոստիկանության գումարտակը, ինչի հետեւանքով սպանվեց մեկ ոստիկան: Երկու բարձրաստիճան ոստիկան էլ պատանդի կարգավիճակում էր:

Այլ սպանություններ եւս կարող ենք հիշեցնել, սակայն Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու ցանկություն ունեցող, օրինապաշտությունն ու կարգուկանոնը քաղաքական էժան դիվիդենտներ հավաքելու նպատակով օգտագործողներին, հուսով ենք, սա էլ է բավարար՝ իրենց անցյալը հիշելու, ամնեզիայի սինդրոմից ազատվելու եւ արյան հաշվին «աչոկներ» չհավաքելու համար: